Պուտինի ու Էրդողանի սենսացիոն համաձայնությունը. Հերթը հասնում է Արցախի՞ն

Sep 24, 2018 Comments Off on Պուտինի ու Էրդողանի սենսացիոն համաձայնությունը. Հերթը հասնում է Արցախի՞ն

Երեկ Սոչիում կայացավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որը շուրջ չորսուկես ժամ է տևել: Պուտին-Էրդողան բանակցությունները սիրիական Իդլիբի հարցով ավարտվել են համաձայնագրով։ «Բանակցությունների արդյունքում մեզ հաջողվեց լուրջ համաձայնության գալ», – երեկ բանակցություններին հաջորդած ասուլիսին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Բանակցությունների հիմնական արդյունքը՝ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի լինի։ Այսինքն, Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են ստեղծել «դեէսկալացիոն գոտի» Սիրիայի Իդլիբ նահանգում: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո ստորագրվել է Իդլիբում իրավիճակի կայունացման մասին ռուս-թուրքական հուշագիր, որի համաձայն՝ Սիրիայի պետական բանակի և զինված ընդդիմության շփման գծում մինչև հոկտեմբերի 15-ը պետք է ստեղծվի 15-20 կիլոմետր խորությամբ ապառազմականացված գոտի, որից պետք է դուրս բերվեն ծանր տեխնիկան, թնդանոթներն ու հրթիռային համազարկերի կայանքները։ Սա այն է, ինչի մասին Պուտինի հետ հանդիպման նախօրեին ասել էր Էրդողանը՝ ընդգծելով, որ լայնածավալ հարձակումն Իդլիբում կբերի արյունահեղության։

Երեկ Սոչիում Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են նաև, որ Ռուսաստանը և Թուրքիան միասին վերահսկելու են իրավիճակը այդ գոտում, վերահսկողությունն իրականացնելու են թուրքական պարեկային խմբերն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Միաժամանակ, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում շարունակել պայքարը ահաբեկչության դեմ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից անմիջապես հետո նշել է, որ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի լինելու. «Առաջիկա ժամերին մենք սիրիացիների հետ կհամաձայնեցնենք բոլոր դրույթները, որոնք տեղ են գտել ռուս-թուրքական հուշագրում»: Իսկ Պուտինը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այս որոշմանը համաձայն է, և Մոսկվան սկսում է խորհրդակցություններ Դամասկոսի հետ:

Ի դեպ, Ռուսաստանը այս հարցով բանակցություններ կսկսի նաև Իրանի հետ: Նկատենք, որ սեպտեմբերի 7-ին Թեհրանում անցել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը Սիրիայի հարցով, որի ժամանակ կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ Իդլիբի վերաբերյալ: Մոսկվան և Թեհրանը ունեին մի դիրքորոշում՝ նրանք ցանկանում էին ռազմական գործողությունների արդյունքում դուրս հանել այդ տարածքից շուրջ 10 հազար զինյալների, որոնց մեծ մասին Մոսկվան ահաբեկիչ է համարում, Անկարան կտրուկ դեմ էր նման սցենարին:

«Էրդողանը կանգնեցրեց Պուտինին», – սոցիալական ցանցերում այսպիսի մեկնաբանություններ են թողնում ռուսաստանցի լիբերալները: «Համաշխարհային սենսացիա է», – այսպես էլ ներկայացնում են Սոչիում երեկ կայացած բանակցությունները ռուսական դաշնային հեռուստաընկերությունները:

Այսպես, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բնականոն հուն են վերադարձել: Բացի սիրիական կարգավորման գործում մեծ առաջընթացից՝ այլ ուղղություններով էլ տեղեկություններ կան: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանել առևտրային սահմանափակումները բոլոր ոլորտներում, բացի լոլիկից, որի սահմանափակումը դեռ որոշ ժամանակ կպահպանվի: Կողմերը նաև պայմանավորվել են պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Թուրքիայի որոշ կատեգորիայի քաղաքացիների, այդ թվում մասնագետների և գործարարների համար:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Անկարա դաշտում համաձայնությունն իսկապես սենսացիոն է, քանի որ Իդլիբի հարցով երկու երկրները լուրջ տարաձայնություններ ունեին. Անկարան, մասնավորապես, համաձայն չէ Իդլիբում Ռուսաստանի վարած քաղաքականության հետ։ Այդուամենայնիվ երկու երկրների միջև հարաբերություններն զարգանում էին շատ արագ։ Հատկապես խորն է Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցությունը ռազմատեխնիկական և Էներգետիկայի ոլորտներում։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջերս Ռուսաստանից գնել է S-400 հրթիռային համակարգեր, ընդ որում ռուսական վարկով։ Մոսկվան ու Անկարան այսօր իրականացնում են «Թուրքական հոսք» գազատարի ծրագիրը, Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է «Ակույու» ատոմակայանը։

Նկատենք, որ Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին Էրդողանը պաշտոնական այցով Բաքվում էր։ Երկու օր առաջ Թուրքիայի ղեկավարը անդրադարձավ ԼՂ խնդրին՝ նշելով: «Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է»,- Բաքվում ասել էր Էրդողանը՝ ելույթ ունենալով թուրքական Կովկասյան բանակին նվիրված հեծելազորի շքերթին:

Ընդգծելով, որ Թուրքիան Ադրբեջանի կարևորագույն գործընկերն է` հատկապես քաղաքական և ռազմական ոլորտներում, Էրդողանը հավաստիացրել է, թե Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանի ջանքերին վերջինիս համար ամենածանր խնդիրը՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում: «Եկել է ժամանակը վերջ դնելու մեր ավելի քան մեկ միլիոն եղբայրների սպասումներին, ովքեր տարիներ շարունակ ապրում են հայրենիքի կարոտով: Նրանք, ովքեր բռնազավթած են պահում եղբայրական Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իզուր են մեզանից սահմանի բացում ակնկալում: Թուրքիայի դիրքորոշումը տվյալ հարցում հայտնի է, հստակ և ճշգրիտ»,-ասել է Թուրքիայի նախագահն ու հավելել. «Առաջինը այդ հարցում պետք է քայլ ձեռնարկի օկուպանտը»: Էրդողանը շեշտել է, թե Թուրքիան ցանկանում է բարելավել կամ «շարունակել բարի կապերը» բոլոր հարևանների հետ, սակայն, նրա խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Հայաստանի հետ կապերի վերսկսման կարևորագույն պայման:

Արդյո՞ք Պուտինն ու Էրդողանը երեկ անդրադարձել են ԼՂ խնդրին ու Էրդողանը կրկնել է իր վերոնշյալ հայտարարությունները: Համենայնդեպս այս մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Բայց փաստը, որ Բաքու կատարած այցից հետո Էրդողանը Պուտինի հետ նման մակարդակի համաձայնությունների է եկել, արդեն իսկ հիմք է տալիս ենթադրելու, որ երկրների միջև համաձայնություններն այսպիսի բարդ հարցերում հիմք են նաև ղարաբաղյան խնդրում ինչ-որ մոտեցումների մերձեցմանը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: