Սաշիկ Սարգսյանը կմուծվի 50/50. թղթերով ամեն ինչ կարգին է

Sep 19, 2018 Comments Off on Սաշիկ Սարգսյանը կմուծվի 50/50. թղթերով ամեն ինչ կարգին է

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, նույն ինքը՝ հանրահայտ Սաշիկ Սարգսյանը, ում, ըստ շրջանառվող, սակայն պաշտոնապես չճշտված լուրերի, վերագրվում են տարբեր բիզնեսներից 50 տոկոս անօրինական փայաբաժին ունենալու մեղադրանքներ, բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում Ալեքսանդր Սարգսյանը արդարություն է պահանջում վարչապետից և բավականին ուշագրավ պարզաբանումներ ներկայացնում հայաստանյան բանկերից մեկում իր ունեցած 30 մլն դոլար ֆինանսական միջոցների ծագումնաբանության մասին: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ առևտրային բանկերից մեկում 30 միլիոն դոլար գումար ունի, և մեկ շաբաթ ժամանակ էր տվել, որ նա այդ գումարը վերադարձնի պետական բյուջե: Սաշիկ Սարգսյանը պնդում է, որ չկա որևէ օրինական հիմք, որը նրան կարող է պարտավորեցնել այդ գումարը վերադարձնել պետական բյուջե. «Ի՞նչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե»,- հարցնում է նախկին նախագահի եղբայրն ու պարզաբանում, որ ինքն այդ գումարները միանգամայն հալալ քրտինքով վաստակել է  Ռուսաստանի Դաշնությունում՝ 1985-1995 թվականներին՝ բիզնես գործունեության արդյունքում, և այնտեղից էլ Հայաստան է վերադարձել մեծ գումարներով:

Ավելին՝ Սաշիկ Սարգսյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է, որ օրինական կարգով իրեն պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, նախկին նախագահի եղբայրը գերադասել է դրանք որպես ավանդ ներդրել ՀՀ բանկում՝ այդ կերպ իր ներդրումն ունենալով բանկային համակարգի և տնտեսության զարգացման գործում: Միաժամանակ  Սաշիկ Սարգսյանը խոստովանում է, որ երկար տարիների ընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ է ստացել, որոնք կազմում են իր բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը: «Իսկ մյուս զգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող /ոչ թե 50%/ ընկերությունների գործունեությունից  տարիներ շարունակ ստացված և ՀՀ հարկային մարմիններ ներկայացված  հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին»,- շարունակում է Սաշիկ Սարգսյանը և հորդորում ՀՀ պետական մարմիններին  իր գույքն ու բանկային հաշիվները կալանքից ազատել: Միաժամանակ Սաշիկ Սարգսյանը  հրապարակային հայտարարում է, որ օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ է օրինական կարգով իրեն պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իր նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով: Նամակում  կա նաև մեղադրանք Փաշինյանի հասցեին՝ անձնական բնույթի  տվյալներ հրապարակելու համար. «Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը և իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները: Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները»,- նշված է նամակում:

Փաստորեն, Սաշիկ Սարգսյանը  բաց տեքստով ասում է, որ ինքը կարող է դատական կարգով վիճարկել Փաշինյանի գործողությունները: Գուցե Սաշիկ Սարգսյանն ակնարկում է, որ կարող է մինչև անգամ Մարդու իրավուքնների եվրոպական դատարան էլ դիմել, քանի որ իր մոտ, ինչպես մի առիթով Սերժ Սարգսյանն էր ասել՝ թղթերով ամեն ինչ մաքուր է:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակավ հայտարարել է, որ իրավական առումով շատ դժվար կլինի ապացուցել այդ գումարների անօրինականությունը՝  հաշվի առնելով, որ Սաշիկ Սարգսյանը միշտ չէ, որ պետական պաշտոնյա է եղել: Իսկ այն փուլում, երբ նա պատգամավոր չի եղել, չի լրացրել նաև հայտարարագիր: Հետևաբար դժվար է ասել, որ դրանք պետությունից կամ ինչ-որ մարդկանցից գողացված փողեր են: Անուղղակիորեն, սակայն, բոլորը, այդ թվում նաև Սաշիկ Սարգսյանը կարծես թե հասկանում են, որ այդ գումարների մի մասը չտալու տարբերակ չկա: Մարդն անձամբ  հավաստիացրել է, որ պատրաստ է մի մասը նվիրել հայրենիքին. գուցե բանակցեն և համաձայնվեն 50/50 տարբերակին: Արդար է՝ կասեր դասականը:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: