Քաղաքական. դիակի և կոռեկտության նուրբ սահմանը

Sep 20, 2018 Comments Off on Քաղաքական. դիակի և կոռեկտության նուրբ սահմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու  Հայաստանի նախկին նախագահների ու նրանց աջակիցների միջև սկիզբ առած հեռակա բանավեճը իջնում է անթույլատրելի ցածր մակարդակի:

Նախ Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ Փաշինյանը  դեռ կփոշմանի, որ իր հետ գլուխ է դրել: Քոչարյանը Փաշինյանին նաև բռնապետ էր անվանել: Սրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը «քաղաքական դիակ» անվանեց Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովն էր փորձ արել մեկնաբանել  այս հեռակա երկխոսությունը և կարծիք հայտնել, թե  Հայաստանում հեղափոխության անվան տակ տեղի է ունենում բազմակարծության և ժողովրդավարության ոտնահարում և Փաշինյանի համեմատել էր  պատմությունից հայտնի մի քանի բռնապետերի հետ. «Այն անձը, անկախ զբաղեցրած դիրքից, որը կհամարձակվի իմ երկրի 2-րդ և 3-րդ նախագահներին, որոնք նաեւ Արցախի հերոսներ են, «քաղաքական դիակ» անվանել, հայտնվելու է պատմության քաղաքական աղբանոցում, այնպես ինչպես հայտնվել են Հիտլերը , Մուսոլինին եւ Լավրենտի Բերիան»,-հայտարարել էր Շարմազոնովը: Նախօրեին Շենգավիթում Երևանի ավագանու ընտրություններին նվիրված հանրահավքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր  դիմացել հակադարձելու գայթակղությանը և ասել էր հետևյալը. «Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք։ Երրորդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը երբեք չեն եղել այնքան ազատ, ինչքան հիմա է ՀՀ-ում»։

Քաղաքական բանավեճը, հատկապես երբ այն  ընթանում է ոչ թե դեմ առ դեմ, այլ հեռակա, երեբք էլ ակադեմիական ոճի ու բառապաշարի շրջանակում չի տեղավորվում: Այնուամենայնիվ,  երբ խոսքը պետության ներկա և նախկին ղեկավարներին է վերաբերում, կա կոռեկտության մի սահման, որն անթույալտրելի է անցնել:

Ռորբերտ Քոչարյանի վարչակազմը 2008 նախագահական ընտրությունների ժամանակ  լայնորեն շրջանառում էր մի խայտառակ տեսահոլավոկ, որի գերնպատակը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սևացնելն ու վարկանիշին վնաս հասցնելն է: Թերևս չարժի  հիշատակել այն բնորոշումները, որ այդ հոլովակում տրվում էր Տեր- Պետրոսյանին, որովհետև հույս կա, որ գոնե նոր սերունդը չի հասցրել դիտել այդ անտակտությունը: Առաջին նախագահի դեմ ուղղված այդ անորակ սև ՊՌ-ը ժամանակին միանգամայն հակառակ էֆեկտ ունեցավ,  բայց խնդիրն այս պահին բոլորովին այլ է: Այն մարդիկ, ովքեր այսօր հայտարարում են, թե չի կարելի է երկրի նախկին նախագահներին «քաղաքական դիակ» անվանել, ի՞նչ էին մտածում այն ժամանակ, երբ յուրայինները առաջին նախագահին «թուրք» և «ջհուդ» էին անվանում: Նախկին իշխանության մեջ առանձին մարդիկ եղել են, ովքեր դատապարտել են նշված միջադեպը: Բայց փաստը մնում է փաստ որ քաղաքական քարոզչության մեջ նախկին իշխանությունը անցել է թույլատրելիի սահմանը:

Նույն բանը կատարվումէ  նաև այժմ` ներկա և նախկին իշխանությունները արդեն անցնում են անձնական վիրավորանքների և  վրեժխնդրության  դաշտ, ինչի մասին վկայում են օրվա լրահոսում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներ:

Ի դեպ, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, որը տարիներ առաջ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու և թոշակի անցնելու մասին, այսօր ավելի լուրջ քաղաքական գործոն է, քան մի քանի ակտիվ գործունեություն ծավալող կուսակցություն միասին վերցրած: Եվ ընդհանրապես, որևէ նախկին նախագահ, չի կարող քաղաքական դիակ լիենել, հենց միայն այն պատճառով, որ նախկին նախագահները, ի պաշտոնե այնքան ինֆորմացված մարդիկ են, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր պահի կարող են դառնալ քաղաքական գործոն: Հետևաբար պետք չէ չարաշահել բառերը, կարելի է ամեն ինչ  ասել, բայց ավելի կոռեկտ ու չափի մեջ:

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: