Քաղաքային ընտրությունների անկանխատեսելի ելքը

Sep 19, 2018 Չի մեկնաբանվել

Երևանի ավագանու նախընտրական քարոզչության հիմնական շեշտադրումներից մեկը սևերի ու սպիտակների ջրբաժանն է, որի մեկնարկը տվեց Իմ քայլը դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը: Այս սկզբունքին տուրք տվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե այս ընտրությունները սևերի ու սպիտակների ընտրություն են, այս ընտրությունը հեղափոխության և հակահեղափոխության ընտրություն է: Ըստ այդմ ՝միակ սպիտակ թեկնածուն Հայկ Մարությանն է, մնացած բոլորը սևերն են: Փաշինյանն ու նրա կուսակցության քաղաքապետի թեկնածուն, բոլորին սև հռչակելով, թերևս նպատակ ունեն ստանալ ձայների համոզիչ մեծամասնություն, որպեսզի կարողանան միայնակ ձևավորել Երևանի քաղաքային իշխանությունը: Այսքանով հանդերձ, եթե անյուամենայնիվ ավագանու ընտրությունների արդյունքում որևէ ուժ 50 տոկոս գումարած մեկ ձայն չստանա, առաջանալու է կոալիցիա կազմելու անհրաժեշտություն: Այս դեպքում առաջին երկու տեղերը գրաված քաղաքական ուժերը ստիպված են լինելու ձևավորել Երևանի կառավարման կոալիցա՝ որակի համամասնությամբ միմյանց մեջ կիսելով Երևանի քաղաքապետի, առաջին փոխքաղաքապետի ու վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները:

Եթե ընտրություններն իսկապես ազատ և արդար անցնեն, պետք է ենթադրել, որ որևէ թեկնածու մեծամասնություն չի ստանա: Նախ՝ ամենաբարձր վարկանիշ  ունեցեղ քաղաքական ուժի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջադրած թեկնածուն՝ Հայկ Մարությանը, Երևանի ավագանու ընտրություններում ունի ընդամենը մեկ հզոր ռեսուրս, որը նրան կարող է ձայներ բերել. դա Նիկոլ Փաշինյանի աջակցությունն է: Այլ հաղթաթուղթ Հայկ Մարությանը պարզապես չունի: Քանի որ Երևանի քաղաքապետի պաշտոնը, ուզենանք թե չուզենանք, զուտ քաղաքական պաշտոն լինելով հանդերձ, ավելի շատ կառավարչական և տնտեսական նշանակություն ունի, սոսկ Փաշինյանի աջակցությունը հաղթանակի երաշխիք չի կարող լինել: Երևանցին հասկանում է, որ քաղաքն ունի խնդիրներ, և դրանք լուծում են պահանջում: Իսկ Մարությանը դեռ որևէ քայլով չի ապացուցել, որ ինքը հենց այն թեկնածուն է, որ կարող է լուծում գտնել Երևանի բազմաթիվ խնդիրներին: Ավագանու ընտրություններում մեծամասնություն չունենալու դեպքում  քաղաքական կոալիցիան կարող է կազմվել այն առանցքի շուրջ, որի ձևավորված է այսօրվա խորհրդարանական  Ելք դաշինքը: Սեպտեմբերի 23-ից հետո Արտակ Զեյնալյանի գլխավորած Լույս դաշինքն ու Հայկ Մ արությանի գլխավորած Իմ քայլը դաշինքը կարող են միավորվել, որովհետև այսպես թե այնպես այս երկու ուժը ունեն համագործակցության որոշակի փորձ, համատեղ անցած ճանապարհ: Այստեղ արժե նաև ընդգծել, որ Արտակ Զեյնալյանը ավելի ուժեղ թեկնածու է՝ բոլոր իմաստներով: Ինչ վերաբերում է սևերի ու սպիտակների պայքարին. քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և միշտ էլ կարելի է համապատասխան հիմնավորումներ գտնել՝ ասելու համար, որ սև կամ սպիտակ լինելը գործընկեր լինելուն չի խանգարում:

Նկատենք, որ Երևանի մասին օրենքի համաձայն՝ ավագանիում պետք է առնվազն երեք ուժ ներկայացված լինի: Այս ընտրությունները, սակայն, կարող են ռեկորդ սահմանել նաև քաղաքական ուժերի ներկայացվածության առումով: Գուցե ավագանիում հայտնվեն չորս և անգամ 5 քաղաքական ուժեր: Օրինակ՝ Զարուհի Փոստանջյանի թիմը նախորդ ավագանիում բավականին արդյունավետ էր աշխատում և շանսեր ունի կրկին հայտնվել քաղաքային կառավարման համակարգում: ԲՀԿ-ն ունի ավանդական ընտրազանգված, որի շնորհիվ կարող է վստահաբար հայտնվել ավագանիում: Գուցե կլինեն նաև այլ ուժեր, ովքեր կարող են հաղթահարել նվազագույն շեմը: Այս տարբերակը, ի դեպ, շահեկան կլինի  ավագանիում հզոր ընդդիմադիր բևեռ ձևավորելու առումով:

 

Կարինե  Սարիբեկյան   

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Քաղաքային ընտրությունների անկանխատեսելի ելքը”

Մեկնաբանել