Փաշինյանը բացահայտեց

Sep 14, 2018 Comments Off on Փաշինյանը բացահայտեց

Լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, ներկայացնելով իրենց տեսակետը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ, հայտարարեց. «ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ նրանց կողմից ասուլիսի ժամանակ տրված պարզաբանումներից հստակ երեւում է, որ այդ ձայնագրության բովանդակությունն ամբողջությամբ իրական է, այսինքն՝ կեղծված կամ մոնտաժված չէ: Այդ խոսակցություններն իրականում եղել են եւ ունեցել են հենց այդ բովանդակությունը: 
Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող՝ առաջին ատյանի դատարանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ: Այդ մասին է վկայում ՀՀ ԱԱԾ տնօրենի հետեւյալ արտահայտությունը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը»:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱԱԾ տնօրենը հերքեց իր և դատավորի խոսակցության փաստը, դատավորը ևս հերքեց, թե զանգել է ԱԱԾ տնօրենին: Այնինչ, ըստ փաստաբանի, Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ստացել է զանգեր ԱԱԾ տնօրենից, թե «հիմա էլ դատական համակարգն է տրիվոգա դրել»: Վարչապետի ելույթից, ըստ նրա, բացահայտվում է այն, որ նախքան Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը դատավորը իր գործողությունները համաձայնեցրել է քրեական հետապնդման մարմինների հետ: Ավելին, նրա խոսքով, սա փաստում է, որ դատավորը նախօրոք զգուշացրել է այդ մարմինների ղեկավարների ու վարչապետին, որ քրեական «գործը ջուր է, տակը բան չկա»:

Ըստ նրա՝  ուշադրության է արժանի նաեւ խոսակցության հետեւյալ հատվածը. «Գնա վարչապետի հետ խոսա էլի, ընգեր։ Որտեւ ես խնդրել եմ, որ տանեն կալանքի»: Ասվածից երեւում է, որ վարչապետը նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից է եղել այս գործով կիրառվելիք խափանման միջոցների հարցի քննարկմանը:

Վարչապետը, ՀՀ Ազգային ժողովում այդ ձայնագրության հետ կապված տված իր պարզաբանումների մեջ, ի թիվս այլնի, նշել է. «ստացել եմ զանգեր ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն ա տրիվոգա դրել էսպես ասած, տարբեր բաներ են ասում, ընդհուպ ասում են, որ գործը ջուր ա բան չկա տակը, ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ՝ ասում են՝ ահազանգ կա, չգիտեմ ինչ դատավոր զանգել ա, թե չգիտեմ … անկեղծ ասած մինչեւ հիմա չգիտեմ էլ զանգել ա, չգիտեմ էդ կոմունիկացիան ոնց ա եղել, մանրամասներն երեւի էական էլ չի, ասել եմ, որ գիտեք ասել են սենց բան կա, ասում են, որ լավը չի գործը պինդ չի, ինքը ասել ա, որ գիտեք մենք քննչական մարմին ենք եւ գիտենք ինչ ենք անում»:

Վարչապետի ելույթի այս հատվածով ուղղակիորեն հաստատվում են հեռախոսային խոսակցությունների այն դրվագները, որոնցից երեւում է, որ դատավորը, նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը, իր գործողությունները համաձայնեցներ է քրեական հետապնդման մարմինների ղեկավարների հետ: Ինչը ոչ պակաս կարեւոր է՝ նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը՝ առաջին ատյանի դատարանի դատավորը, պարզվում է, զգուշացրած է եղել այդ մարմինների ղեկավարներին ու վերջիններիս միջոցով նաեւ վարչապետին, որ քրեական գործը հիմնավոր չէ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են բոլոր պատկան մարմիններին՝ սույն հայտարարության մեջ մատնանշված փաստերին համարժեք իրավական գնահատականներ տալու եւ հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու կոչով»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: