Ինչ կապ ունի «Սանիթեքը» քաղաքական գործիչների հետ

Sep 14, 2018 Comments Off on Ինչ կապ ունի «Սանիթեքը» քաղաքական գործիչների հետ

«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը որևէ առնչություն չունի այլ ընկերությունների ու մարդկանց հետ, այդ թվում՝ քաղաքական գործիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ անդրադառնալով հատկապես սոցիալական ցանցերում հնչող այն տեսակետին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերությունը պատշաճ կերպով չի աշխատում:

Նիկոլաս Թավիլի խոսքով՝ իրենք ավելի քան 14 միլիարդ դրամի ներդրում են կատարել Հայաստանում և երբեք սաբոտաժի չեն գնա ու չեն կորցնի իրենց ներդրումները: «Երբ «Սանիթեքը» որոշեց մասնակցել միջազգային տենդերին, շատ մանրամասն վերլուծություն կատարեցինք արժեքի հետ կապված, որոշեցինք մուտք գործել ու աշխատել Հայաստանում փոքր եկամուտով՝ հետո ավելի ընդլայնվելու ակնկալիքով: Սակայն մինչ այս պահը որոշակի խնդիրների ենք հանդիպել»,-ասաց Նիկոլաս Թավիլը:

Նա նախ մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» պայմանագիրը, որը ենթադրում է ծառայությունների մատուցում երեք ուղղություններով: «Առաջինը՝ տնային տնտեսությունների աղբի հավաքագրում, ինչը չի ներառում ոչ կանաչապատման, ոչ շինարարական աղբը: Ընկերությունը պատասխանատու է աղբատար խողովակի ներքևում գտնվող աղբի հեռացման, բայց ոչ խողովակի հետ կապված խնդիրների համար: Երկրորդը՝ սանիտարական մաքրումն է, երրորդը ներառում է ձմռանն առաջացող մաքրման աշխատանքները»,-նշեց ընկերության ղեկավարը:

Խոսելով խնդիրների մասին՝ «Սանիթեքի» ղեկավարը նկատեց, որ տարեկան իրենց հաշվարկած 100 վնասված և ամբողջովին շահագործումից դուրս բերելու ենթակա աղբամանների փոխարեն իրենք այսօր՝ ընկերության՝ Հայաստան մուտքից չորս տարի անց, ունեն ավելի քան 1000 այրված, 2 հազարից ավելի վնասված աղբամաններ։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը վնասվում կամ փչանում է ոչ աշխատակիցների մեղքով, այլ արտաքին ներազդեցությունների արդյունքում:

Թավիլի հավաստմամբ՝ բազմիցս դիմել են քաղաքապետրանին, որպեսզի վերջինս նոր աղբամաններ գնի, բայց իրավիճակը չի շտկվել: «Հայաստան մուտք գործելիս մենք ցանկանում էինք բարձրացնել աղբահանության մակարդակը՝ այն համապատասխանեցնելով միջազգայինստանդարտներին: Ամբողջ աշխարհում աղբամաններն օգտագործվում են միայն անձեռոցիկի, շշերի, ծխախոտի համար, բայց ոչ մեծ կենցաղային աղբի համար: Մենք այս մասին բազմաթիվ նամակներ ենք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ այս հարցում ևս մեզ աջակցեն, քանի որ աղբի կառավարումը մշակույթ է: Դա պետք է սերմանել դպրոցներում, պետք է մարդկանց սովորեցնել»,-հավելեց «Սանիթեքի» ներկայացուցիչը:

Մյուս խնդիրը, որի մասին բարձրաձայնեց Նիկոլաս Թավիլը, Նուբարաշեն աղբանոցի և դեպի այնտեղ տանող ճանապարհների վատ վիճակն է: «Մեզ խոստացել էին, որ արագ կարգով կվերանորոգեն ու աղբանոցը կբերեն պատշաճ տեսքի, մինչ այս պահը դրանք շատ վատ վիճակում են»,-ասաց նա: Նիկոլաս Թավիլը ներկայացրեց մի քանի թվեր՝ կապված իրենց գործունեության և կատարված ներդրումների հետ: Մասնավորապես, իրենց կողմից ներմուծվել ու գործի է դրվել 150 սարքավորում, մեքենա, շարժակազմ, 5 հազար աղբաման, որոնք գերմանականեն և օգտագործվում են ողջ Եվրոպայում, աշխատանքով են ապահովում 900 աշխատողի, տարեկան 1 միլիարդ 250 միլիոն դրամի աշխատավարձ են տալիս, 780 միլիոն դրամի՝հարկային պարտավորություն են կատարում, ամսական 420 միլիոն դրամ են ներարկում տնտեսություն: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր քաղաքապետի հետ բանակցություններից հետո ներդրումներ իրականացնել:

Հարցին՝ արդյոք ընկերությունն այս տարիներին շահույթո՞վ է աշխատել, որին ի պատասխան Նիկոլաս Թավիլն ասաց. «Այս շուկա մուտք գործելիս մենք մեր առջև խնդիր էինք դրել աշխատանքի արդյունքում ծածկել ծախսերն ու ունենալ շատ փոքր շահույթ: Հիմա արդեն կորստով ենք աշխատում: Կազմակերպությունն ի վիճակի է վճարելու իր ծախսերը, բայց ոչ մի կերպ շահույթ չենք ունենում, բայց փոխարենն ամեն ամիս որոշակի ներդրումներ ենք ներգրավում: Ֆինանսական ծրագիրը լավ է աշխատել մինչև 2016-ը, բայց այդ տարվա ձմեռվանից հետո որոշակի անկում է նկատվել: Պայմանագրով մենք 2 հազար տոննա աղբ պետք է ունենայինք ձմռանը, բայց ծանր ձմռան արդյունքում «Սանիթեքը» ստիպված էր 6 հազար 300 հարյուր տոննա աղբի աղբահանումը սպասարկել»,-ասաց ընկերության ղեկավարը:

«Ինչու խնդիրների մասին ավելի վաղ չէիք բարձրաձայնում» հարցին էլ ի պատասխան՝ Նիկոլաս Թավիլն ասաց, որ բիզնեսը էթիկա է, դրա համար էլ իրենց առնչվող խնդիրների պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա: Լուռ չեն եղել, բայց խոսկան էլ չեն եղել: Բազմիցս ասել են, որ ունեն խնդիրներ աղբամանների հետ կապված: «Գուցե մեր մեղավորությունն է, որ շատ չենք խոսել այդ մասին: Հետագայում, երբ ամեն ինչ կարգավորվի, կարող ենք այդ հարցերը դեռ քննարկել»,-հավելեց նա:

Անդրադառնալով աղբահանող երկրորդ օպերատոր ունենալու հարցին՝ նա առաջարկեց սպասել նոր քաղաքապետարանի ձևավորմանը, որի հետ իրենք կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ պայմանագրի հետ կապված, փոխադարձ համաձայնությամբ կտեսնեն՝ ինչ կլինի: Ինչ վերաբերում է իրենց կողմից մատուցվող ծառայության արժեքի հնարավոր բարձրացմանը, ընկերության ներկայացուցիչը նշեց, որ նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո կարող են խոսել այդ մասին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: