Մարտի 1-ի գործով սկանդալային հակասություններ ՊՆ-ում

Sep 17, 2018 Comments Off on Մարտի 1-ի գործով սկանդալային հակասություններ ՊՆ-ում

Օրեր առաջ ՀՔԾ պետը Մարտի 1-ի գործով սենսացիոն հայտարարություն արեց: Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերի, այլ կրակել է Մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով. «Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ»:

ՀՔԾ պետը, այսպիսով` շեշտեց, որ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է գործողություններին: «Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումների զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են շատ վտանգավոր դեպքեր, եղել է նաև դիվերսիա»,-նշեց նա՝ շեշտելով, որ ամենախայտառակ բանը, որը արել են՝ բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է. «Օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մարտի 8-ը զինվորներին գումար են բաժանել, որ նրանք պաշտպանեն իրենց»:

Այս աղմկահարույց հայտարարությունից մի քանի օր անց, երեկ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի հերքել տեղեկությունները, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Միևնույն ժամանակ Պնախարարը նկատել է, թե ճիշտ չի համարում գնահատականներ տալը. «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»:

Բայց սա ՊՆ-ից միակ հայտարարությունը չէ: Դարձյալ երեկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խորհուրդ է տվել 2008 թվականին առաջնագծում տեղի ունեցած դիվերսիոն փորձերը չկապել Մարտի 1-ի դեպքերի հետ, ավելին, նա ասել, էր որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացված չի եղել, կրակելու հրաման էլ չի եղել:

«Առաջնագիծը նոսրացված չի եղել, ես, որպես օպերատիվ վարչության պետ, պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված, կարող եմ ասել, որ տվյալ դեպքերի ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ չկապել», լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որն ասել, էր, թե բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այլ կրակել է Մարտի 1-ին:

Նկատենք, որ 2007-2009 թթ.-ին Արտակ Դավթյանը զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

Արտակ Դավթյանը նաև հավելել է, որ մարտի հինգին Արցախի հատվածում ունեցել են դիվերսիայի փորձ, որը կանխվել է։ «Հակառակորդը այն ժամանակ տվել է 10 կամ 12 զոհ, մենք ունեցել ենք 2 վիրավոր, դրանից հետո, օրինակի համար, մենք 2014-2015 թվականներին ունեցել ենք 80-ից ավելի գործողություններ սահմանին», նշել է նա։

Արտակ Դավթյանն ասել է, թե այդ դեպքերը կապել Մարտի 1-ի հետ՝  մի քիչ վիճելի հարց է. «Սահմանը չի տուժել, չի թուլացել, իսկ գործողությունը, որը եղել է, կապել-չկապելը պետք է հարցնել հակառակորդին, թե չէ ենթադրություններ կարելի է անել»։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասել է նաև, որ Մարտի 1-ին բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ և, որ կրակելու հրաման չի եղել։

Փաստացի մենք ունեք ՊՆ-ից երկու հակասական  հայտարարություններ: Մինչդեռ գործը բավական աղմկահարույց է, պետք է զերծ լինի շահարկումներից: Բայց արի ու տես, որ մի դեպքում ունենք այսպիսի հայտարարություն պաշտպանության նախարարի մակարդակով, որ՝ Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, և դրան հակասող հայտարարություն՝ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մակարդակով:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: