Պատերազմի իրական վտանգ. Ինչ գաղտնիք է բացելու Տոնոյանը

Sep 17, 2018 Comments Off on Պատերազմի իրական վտանգ. Ինչ գաղտնիք է բացելու Տոնոյանը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Փարիզ մեկնելու հետևանքով այսօր կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նախքան նիստը սկսելը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ հույժ գաղտնի տեղեկություն ունի ասելու փոխվարչապետին և խնդրել է կառավարության նիստի վերջում այդ հարցը փակ ռեժիմով քննարկել:

Արդյո՞ք պաշտպանության նախարարի կողմից հույժ գաղտնի տեղեկությունը վերաբերում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ հրահրելու վտանգեին: Չի կարելի բացառել:

Բանն այն է, որ սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում «Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն» զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ անցկացնելու են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն։ Այս մասին, ըստ «Ռազմինֆո»-ի հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու է 20 հազար զինծառայող, ներգրավվելու է 200 միավորից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչ և ռմբակոծիչ, մինչև 20 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։ Զորավարժության ժամանակ ստուգվելու են նաև զինծառայողների հմտությունները Ադրբեջանի զինված ուժերի ձեռքբերած վերջին ռազմական տեխնիկայի վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերում վերջին լայնածավալ զորավարժությունը անցկացվեց այս տարի հուլիսի 2-6-ը։ Ինչպես նշված էր ՊՆ հայտարարության մեջ՝ դրան պետք է մասնակցեին 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։ «Ռազմինֆոն» գրել էր որ բաց աղբյուրների ուսումնասիրության տվյալներով կարող ենք ասել, որ զորավարժությանը ներգրավվել են նաև հունիսին Ադրբեջանի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը shantnews.am-ին ասել է, որ այս զորավարժությանը և հնարավոր սադրանքներին պատրաստ լինելու համար բանակն արդեն բերվել է մարտական պատրաստության աստիճանի, և Արցախում պատրաստ են պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է Արցախի անունը հոլովելուն, Բաբայանը նշել է, որ դա գաղտնիք չէր:

Ըստ սցենարի՝ «Արցախի վրա հարձակումն ուղեկցվելու է հրթիռային ու ավիացիոն հարվածներով։ Դրա համար, ըստ ադրբեջանական կողմի, իրենք օգտագործելու են վերջերս իրենց զինանոցում հայտնված սպառազինությունը։ Այստեղ ադրբեջանցիները կարծես ակնարկում են, որ կիրառելու են Իսրայելից գնած «Լորա» և Բելառուսից գնած «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը։ Այս համակարգերը ցուցադրաբար «կիրառվել են» նաև Ադրբեջանի բանակի նախորդ խոշոր զորավարժության ընթացքում»։

«Անկախ անվանումից՝ նրանց բոլոր զորավարժություններն ուղղված են Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ, հայ ժողովրդի դեմ»,- ասել է Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ նախկինում զորավարժության անվան տակ ադրբեջանցիները զորքեր են տեղափոխել առաջնագիծ, հունիսին այդ զորքերի մի մասը հանվել է առաջնագծից։ Այս զորավարժությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը կրկին հետևում է ադրբեջանցիների զորային «անցուդարձին»՝ զորքերի տեղափոխումը ժամանակին նկատելու համար։

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: