Քոչարյանի սպառնալից վերադարձը՝ 1998-ից մինչև կալանք

Sep 15, 2018 Comments Off on Քոչարյանի սպառնալից վերադարձը՝ 1998-ից մինչև կալանք

Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել, այս անգամ Մեդիամաքս գործակալությանը: Հարցազրույցն արվել է մինչև ՀՔԾ և ԱԱծ ղեկավարների հայտնի հեռախոսազրույցի հրապարակումը, ուստի հեռախոսազրույցի բովանդակությանը անդրադարձ չկա: Ընդհանրապես հարցազրույցի տոնայնության մեջ նկատելի վիրավորվածություն կա, որը Քոչարյանին չի հաջողվում կոծկել:

Նախկին նախագահը ըստ էության սպառնալիք է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին` ասելով. «Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Սա քաղաքական շեշտադրումների ամենավտանգավոր կետն է, որից իսկապես պետք է վախենալ: Թերևս գլուխ դնել ասելով, էքսնախագահը նկատի ունի իր կալանավորումը, որի հետ ըստ ամենայնի նա չի կարողանում հաշտվել:

Հասկանալով հանդերձ, որ Քոչարյանի, այսպես կոչված, հարձակումը Նիկոլ Փաշինյաի գործողությունների պատասխան քայլն է, այնումենայնիվ պետք է փաստել, որ երկուստեք շատ վտանգավոր միտում է նկատվում: Քաղաքական գործընթացներն արդեն վերածվել են անձնական թշնամանքի, իսկ նման պայմաններում հակամարտությունը կարող է վերաճել հանրային պառակտման, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմի: Քոչարյանը պետք է ամեն դեպքում նկատի ուենա, որ  հավասակշռված պահվածքն իրեն այս պահին ավելի շատ է պետք, թեպետ ակնհայտ է, որ էմոցիոնալ ելույթները չեն բխում նաև Նիկոլ Փաշինյանի շահերից:

Հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսում է ամենատարբեր հարցերից՝ սկսած 1998 թվականին իր՝ Հայաստան գալուց, մինչև Հոկտեմբերի 27 և Մարտի 1: «Վերադառնալով 1998 թվական, պետք է հիշեցնեմ, որ շատ ուժեր պահանջում էին, որ ես քաղաքական գնահատական տամ նախկին ռեժիմի գործողություններին: Ես կտրականապես դեմ էի, քանի որ կարծում էի, որ Հայաստանը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջեւ եւ պետք է զբաղվել երկրի ապագայով, այլ ոչ թե հաշվեհարդար տեսնել քաղաքական մրցակիցների հետ: Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Հայաստանի զարգացումը անհնար է առանց զիջումների Ղարաբաղի հարցում: Ես այլ կերպ էի մտածում եւ ձգտում էի ապացուցել դա գործով: Եվ իմ պատասխանը հետագա 10 տարիների ընթացքում Հայաստանի առաջանցիկ զարգացումն էր՝ տնտեսության երկնիշ աճով: Կարծում եմ, դա քաղաքական վենդետայից ավելի կարեւոր էր»,- նշել է նա՝ անդրադառնալով իր իշխանության գալու փուլին: Այս հարցում, Քոչարյանն, անշուշտ, իրավացի է՝ նա ժառանգել էր ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկիր, աշխատավարձերի ու թոշակների չվճարված ահռելի մեծ բեռով, գործազկության բարձր մակարդակով: Տնտեսական ցուցանիշներն այդ փուլում բազմաթիվ հարցերի պատասխան տվեցին, բայց նաև փաստ է, որ Քոչարյանի բախտը սաստիկ չբերեց. նրա իշխանության օրոք կատարված Հոկտեմբերի 27-ը, ապա նաև Մարտի 1-ը դարձան խարան, որի համար իբրև երկրի ղեկավար նա կրում է քաղաքական պատասխանատվություն:

Այս իրողությունները հավելյալ բարդություն են ստեղծում Քոչարյանի վերադարձի համար: Այդուամենայնիվ, նա նաև չի թաքցնում, որ այս պահին զբաղված է քաղաքական թիմի ձևավորման գործով, չնայած որ, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ չի հստակեցնում, թե ինչ ձևաչափով է մտնելու քաղաքական պայքարի մեջ, ովքեր և որ ուժերն են լինելու իր քաղաքական հենարանը: Ըստ ամենայնի այս հարցը դեռ բաց է: Չափազանց ուշագրավ է Քոչարյանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա խոսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերմության մասին: «Մենք լավ ընկերական հարաբերություններ ունեինք, երբ ես նախագահ էի, եւ դրանք շարունակվեցին իմ կողմից պաշտոնը թողնելուց հետո: Բայց ես երբեք չեմ ցուցադրել այդ հարաբերությունները եւ դրանց մասին երբեք չեմ խոսել,- նշել է Քոչարյանը և հավելել,- վերջին 10 տարիների ընթացքում մենք պարբերաբար շփվել ենք, սակայն ես երբեք չեմ փորձել օգտագործել այդ հարաբերությունները որեւէ այլ նպատակներով»: Եթե 10 տարի շարունակ Քոչարյանը որևէ բառ չի ասել իր ու Պուտինի մտերմության մասին, ինչո՞ւ է նա այժմ որոշել նման բան անել:

Առանց այդ էլ Քոչարյանի ու Պուտինի մտերմությունը ընդգծվեց, երբ Կրեմլի կայքում հրապարակվեց ՌԴ նախագահի շնորհավորանքը՝ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Թերևս այս հիշատակումն անուղղակի ակնարկ է, որ եթե իրեն կալանքի վերցնելու նոր որոշում կայացվի, ապա այդ կապն անպայմանորեն կօգտագործվի: Ի վերջո կալանքը ոչ միայն քաղաքական և իրավական, այլ նաև անձնական հարց է: Քոչարյանը չի թաքցնում, որ իր վերադարձը քաղաքականություն եղել է պարտադրված որոշում՝ պայմանավորված հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական նոր իրավիճակով: Ինքը Քոչարյանն ասում է, թե իր վերադարձի հիմքում Արցախի և Հայաստանի անվտանգության առնչությամբ ունեցած մտավախություններն են, բայց այստեղ նա թերևս անկեղծ չէ: Հարցին՝ վերադառնալո՞ւ էիք քաղաքականություն նույնիսկ այն դեպքում, եթե Ձեզ չկալանավորեի՞ն, նա պատասխանել է. «Ես չեմ կարողանում անտարբեր մնալ տեղի ունեցողի նկատմամբ: Տեսնում եմ, որ քանդվում են երկրի ինստիտուցիոնալ հիմքերը: Դրանց կարևորության մասին շատ են խոսում, բայց հակառակն են անում»:

Այս պատճառաբանությամբ Ռոբերտ Քոչարյանը կարող էր վերադառնալ 2017-ին կամ էլ 2013-ին, երբ այլևս պարզ էր, որ իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ է իրականացնում: Բայց այդ ժամանակ Քոչարյանը բավարարվեց ընդամենը հարցազրույցով, որտեղ քննադատեց սահմանադրական փոփոխությունների գաղափարը, սակայն ավելի լուրջ քայլերի այդպես էլ չդիմեց: Տնտեսության վիճակի վերաբերյալ ևս նրա քննադատական մոտեցումները բավարար հիմք չհանդիսացան՝ վերադառնալու մեծ քաղաքականություն: Ակնհայտ է, որ այժմ նա որոշել է վերադառնալ, որովհետև հասկացել է՝ կա՛մ պետք է քաղաքականություն վերադառնա, կա՛մ բանտ գնա: Գործող իշխանության և Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիսի և երկխոսության մասին որևէ բառ Քոչարյանը չի ասել: Ընդհանուր տպավորություն է, որ նա վերցրել է իրեն նետված ձեռնոցը և պատրաստվում է կռվել, ինչպես մարտի դաշտում:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: