Հասան շվեյցարական բանկի փողերին

Sep 15, 2018 Comments Off on Հասան շվեյցարական բանկի փողերին

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իրավական փոխօգնության վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր պետությունների հետաքննություն իրականացնող մարմինների հետ: Մասնավորապես Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ ամենաօպերատիվ և սերտ համագործակցությունը:
Ինչպես տեղեկացնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ գլխավոր դատախազի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի և Շվեյցարիայի դատախազությունների միջև տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:
«Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին:
Հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործնական և առարկայական պայմանավորվածություններ, մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձման հարցում համագործակցության շուրջ»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազության պատվիրակության ղեկավար Ալի Ալալեելիի հետ: Պաշտոնական տեքստում նշվում է, որ վերջին շրջանում նշանակալիորեն ինտենսիվացել է նաև Հայաստանի և ԱՄԷ դատախազությունների միջև փաստաթղթաշրջանառությունը: Պաշտոնական այս հաղորդագրությունը հետաքրիքր է հատկապես փողերի լվացման գործերի բացահայտման համատեքստում: Սկանդալային ձայնագրության հրապարակման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր գործ է նախապատրաստվում` ապօրինի հարստացման մեղադրանքով: ԱԱԾ պետը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը հարստացել են կոռուպցիայի և կաշառքի ճանապարհով: Մասնավորապես, ըստ ԱԱԾ պետի, Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում: Նախկինում մամուլում հրապարակումներ են եղել, որ Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնայներն ու օլիգարխները խոշոր գումարներ են դուրս բերել Հայաստանից և դրանք պահ տվել շվեյցարական բանկում: Հայաստանից թալանված փողերի հետքը կորցնելու նպատակով, դարձյալ ըստ ԶԼՄ հրապարակումների, փողերի լվացումը կատարվել է օֆշորային գոտիների միջոցով: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները կարող են լինել այն անձանցից մեկը, ովքեր շվեյցարական բանկերում հաշիվներ ունեն: Ի դեպ, Մեդիամաքսին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե իրեն հարուստ մարդ համարում է, նշել է, որ իր ընտանիքի կարողությունները համադրելի են մոտ 200 այլ ընտանիքների ունեցվածքի հետ: Փաստորեն, Հայաստանի նոր իշխանություններն արդեն հասնում են շվեյցարական բանկերին, որտեղ ենթադրաբար պահվում են Քոչարյանի ասած 200 ընտանիքի գումարները:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: