Ալիևն անցնում է նոր «հարձակման». Ի՞նչն է նրան ցավեցրել

Sep 19, 2018 Չի մեկնաբանվել

Երեկ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ամեն կերպ ձգտում է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը, այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը:

Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին օրերից հանդես է եկել հակամարտության կարգավորման հարցով «հակասական հայտարարություններով», և այդ հայտարարություններն «առնվազն զարմանք են առաջացնում»: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ անցկացնելու Հայաստանի վարչապետի հնչեցրած թեզն անընդունելի է:

Բացի այդ, նա աննպատակահարմար է համարում հայտարարությունն առ այն, որ յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս են: Այդ առնչությամբ Ալիևը կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»: «Ալիևն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ կարծիք է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը: Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,- ասել է նա:

Ալիևը նաև կոչ է արել ԵԱՀԿ-ին չեզոք դեր չստանձնել Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի առնչությամբ։ Ադրբեջանի նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարության զարգացմանը, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Զավեշտը հասել է նրան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ղեկավարման տարիներին միջազգային տարբեր կառույցներ այդ երկրի իշխանություններին քննադատել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, քաղաքական հակառակորդների, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների և հետապնդումնների համար, մտահոգություն է հայտնել Հայաստանում դիկտատուրայի առաջացման առիթով: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում Ալիևը կոչ է արել անտարբեր չլինել Հայաստանում ընթացող քաղաքական իրավիճակի նկատմամբ, ուշադրություն հրավիրելով՝ «մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր դիկտատուրական ռեժիմ ձևավորելու մեջ»:

Սա ասում է մի առաջնորդ, որի իշխանության տարիներին Ադրբեջանում պարբերաբար տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քաղաքական հետապնդումներ քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների, նկատմամբ, իսկ երկրում իսպառ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը:

Ինչևէ, ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանի նախագահն այսպես նյարդային է դարձել: Ըստ ամենայնի, Փաշինյանի բավական կտրուկ հայտարարությունները նրան հունից են հանել: Խոսքը՝ Արցախի բանակցություններին մասնակցության հարցն է և այն, որ Ադրբեջանը ևս պետք է զիջումներ անի:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ իր հերթին նշել է, թե Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների:

Ադրբեջանական հիստերիային երեկ պատասխանեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողություններն ու հռետորաբանության պատճառով հաստատված ռազմաշունչ մթնոլորտը: Փաշինյանը պատասխանում էր Տաճատ Վարդապետյանի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Հայաստանի վարչապետն ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը, այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»։

Փաշինյանը վերահաստատել է՝ ինքն իրավասու է բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, որովհետև Հայաստանի վարչապետն է. «Իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի անունից, որովհետև Արցախի Հանրապետության նախագահը չեմ, վարչապետը չեմ։ Ասվածի մեջ ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում նաև ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի կամարտահայտման անհրաժեշտությունը, այդպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը»: Ապա Փաշինյանը շարունակել է. «ԼՂ-ի բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատված է, հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով։ Եվ վերը նշվածի համատեքստում ամեն դեպքում ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավելու պատրաստակամությունս և չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից»։

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ալիևն անցնում է նոր «հարձակման». Ի՞նչն է նրան ցավեցրել”

Մեկնաբանել