Կարինե Աճեմյանը հեգնեց Փաշինյանին

Sep 12, 2018 Comments Off on Կարինե Աճեմյանը հեգնեց Փաշինյանին

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին տնտեսության հետ կապված։ 

Նա մինչ հարցը հղելը, ասաց, որ հասկանում է, թե որքան զբաղված է վարչապետը,  որ ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում է տնտեսությամբ զբաղվել, բայց, ըստ նրա, երկրի վիճակը մտահոգիչ է:

«Պարոն Փաշինյան, հարցս վերաբերում է ներդրումային և տնտեսական քաղաքականությանը, եթե դա ընդհանրապես գոյություն ունի։ Միջազգային վերլուծաբանները հրապարակել են մի թիվ, որ ՀՀ-ում ներդրումների ծավալը նվազել է 43 տոկոսով։ Դրանից հետո, ընդամենը օրեր առաջ, Դուք ՌԴ-ում հանդիպեցիք գործարարների հետ, որից հետո մամուլում հրապարակումներ եղան, նաև գործարարներ եղան, որոնք հայտարարեցին, որ կարող են իրենց ակտիվերը հանել Հայաստանից։ Եվ Դուք պարզապես այնպիսի հայտարարություններ եք անում, որը վտանգում է ներդրումային դաշտը։ Արդյոք Ձեր այդ հայտարարություններով, սպառնալիքներով Դուք չեք վտանգում մեր տնտեսությունը»,-հարցրեք Աճեմյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլոր միջազգային կառույցները բոլոր ժամանակներում արձանագրել են, որ ներդրումային միջավայարի համար կա երեք հիմնական խոչընդոտ՝ ցանկացած երկրում՝ առաջինը կոռուպցիան է, երկրորդը՝ մենաշնորհները-օլիգարխիան, երրորդը՝ կոռումպացված դատական համակարգը։

«Եվ ես կարծում եմ, որ մենք հենց ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ, կարող ենք ասել, որ, ըստ էության, ջախջախված է կոռուպցիան Հայաստանում, մենաշնորհներ չկան, և անկախ դատական համակարգի ձևավորումն ընթացքի մեջ է»,-ասաց վարչապետը՝ ներկայացնելով որոշ տվյալներ, ըստ որոնց, եղել են լուրջ տնտեսական ցուցանիշներ:

 

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: