Աշոտյան-Փաշինյան լեզվակռիվը ԱԺ-ում

Sep 12, 2018 Comments Off on Աշոտյան-Փաշինյան լեզվակռիվը ԱԺ-ում

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր հեգնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա իր հարցը վարչապետին ուղղելուց առաջ ասաց. «Այսօրվա ձեր կեցվածքից, պարոն վարչապետ, հանգստություն է հորդում, խախանդ եք, բարեկիրթ եք: Ես զարմանալիորեն տպավորված եմ: Ինձ երբեմն թվում է, թե դուք դվայնիկ ունեք, էնքան մեծ է տարբերությունը, այս կերպարը լավն է, սահմանադրական է, բարեկիրթ է, երկրի վարչապետին հարիր է և քաղաքական մշակույթի մեջ տպավորվող է»:

Արմեն Աշոտյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքին Դուք հայտարարել եք՝ «նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու, բայց իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցում: Ես հիմա դա գիտեմ փաստաթղթավորված ու գիտեմ՝ ով ինչ է խսել»: Պարոն վարչապետ, ես գրավոր հարց ուղարկեցի Ձեզ՝ խնդրելով փաստաթղթեր, ստացա պատասխան՝ «ցավում եմ, որ իմ այսօրվա կարգավիճակի բերումով ու բանակցային գործընթացի շահերից ելնելով, չեմ կարող բացահայտել ողջ բովանդակությունը, կարծում եմ նաև, որ ոչ մի խոչընդոտ չկա ու դա կարող եք ճշտել Սերժ Սարգսյանից»: Եվս մեկ անգամ խոսեցի Սերժ Սարգսյանի հետ ու իմացա, որ նրա օրոք բանակցային գործընթացի մեխը եղել է ԼՂ կարգավիճակն ու անվտանգային միջավայրը: Վերջը ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, որ ասում եք՝ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ըստ էության, պետք է արձանագրենք, որ ԼՂ հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը և ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա, կա միայն սա՝ որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները: Այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին բան չկա, չեմ ասում՝ ընդունել ու ստորագրել եք, ասում եմ՝ վերջին թուղթը, որ դրվել է բանակցային սեղանին, այդպիսին է»,- շեշտել է Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: