Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Իլհամ Ալիևին

Sep 12, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Իլհամ Ալիևին

ՀՀ վարչապետը, անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, որ Ղարաբաղի հետ բանակցություններ վարելն իրենց համար անընդունելի է, ասել է. «Քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավվման անհրաժեշտությունը, նշանակում է չենք մոտեցել հարցի կարգավորմանը: Ընդհանրապես, բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների ու հռետորաբանության պատճառով: Վերահաստատում եմ բանակցային գործընթացում լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս»:

Փաշինյանը նշեց, որ իրեն իրավասու չի համարում բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի հանրապետության նախագահն ու վարչապետը չէ: Նա նշեց, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, որովհետև նրանք ունեն իրենց սեփական իշխանությունը, իրենց ընտրությունները, իրենց կառավարությունը, խորհրդարանն ու նախագահը, ով իրավասու է բանակցել ԼՂՀ անունից:

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ասվածի մեջ որևէ սենսացիոն բան չկա, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում ևս ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը: Եվ ըստ էության այդպիսով ընդգծված է Արցախի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Եվ շատ պարզ հարց ենք մենք դնում՝ մենք բանակցում ենք ուղղակի բանակցելու, թե՞ հարցը լուծելու համար: Եթե բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում հարցի լուծումն առանց հակամարտության կողմի: Եթե մենք բանակցում ենք բանակցելու համար, մենք պատրաստ ենք նաև այդպիսի ֆորմատով բանակցել, բայց քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է՝ մենք չենք մոտեցել հարցի կարգավորմանը»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: