Տեռորի դեմ ՀՀԿ-ն փրկօղակ է գտել

Sep 14, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է, այդ սրացման ծիլերը դրվեցին նախօրեին, երբ Փաշինյանը հայտարարեց «քուչեքում ՀՀԿ-ի հետ բանակցելու» եւ կրկին խոսեց սեւերի ու սպիտակների մասին, իրավիճակն ավելի սրվեց երեկ, երբ հրապարակվեց ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության աղմկահարույց գաղտնալսումը եւ դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունները, կոչերն ուղղված նախկին իշխանավորներին, թե բռնվեք, սկսում ենք։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազնովը նկատում է, որ Հայաստանում տրված է քաղաքական տեռորի մեկնարկը եւ ամենուր վախի, եւ սարսափի մթնոլորտ է տիրում վարչապետի երեկվա հայտարարություններից հետո։

Շարմազանովը նկատում է,որ փոխանակ Փաշինյանի թիմը հստակ պարզաբանում ներկայացնի, թե ինչպես են ձայնագրել պետության անվտանգությունը ապահովող կառույցի ղեկավարին եւ ինչու են ԱԱԾ պետն ու վարչապետը ճնշում գործադրում դատարանների ու իրավապահների վրա, Փաշինյանն անցել է սպառնալիքի լեզվին։ Ուշագրավ է, որ ՀՀԿ-ում որոշել են անցնել հակագրոհի։ Քիչ առաջ ԵԽԽՎ հայաստանյան պտվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։ «Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,- տեղեկացնում է Հովհաննիսյանը։

Շատ չանցած Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանն իր էջում արձագանքեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ․«Հայաստանի Հանրապետությունն ուղղում է իր՝ ճկված, կորացած ողնաշարը։Հայոց պետականության առողջացման ու ամրացման գործընթացն անկասելի է, իսկ հարուցված խոչընդոտների հակապետական գոյության արմատախիլ լինելը՝ անխուսափելի։ Հ․Գ․ Դրսից տղա կանչող կոռուպցիոներներ ջան, մեր խնդիրները այլևս մենք ենք լուծում, ում կուզեք օգնության կանչեք, արդարադատությունից չեք փրկվելու․․․ »։

Իսկ Փաշինյանի թիմակից Ալեն ՍիմոնյանըՀայաստանում քաղաքական տեռորի սկզբի մասին ՀՀԿ-ականների գնահատականներին ի պատասխան հիշում է․«Բայց մի երեք ամիս առաջ պարոն Աշոտյանն այս ամբիոնից հայտարարում էր, որ ինքը պատրաստ է՝ որպես ԱԺ պատգամավոր, այդ բոլոր խոշտանգվածների հարցերով զբաղվել: Խնդրում եմ, դիմեք: Ես ուզում եմ ձեզ խնդրել պարոն Աշոտյանին հարցնեք՝ քանի՞ հոգի է դիմել նրան: Էս ի՞նչ հեքիաթների մասին են խոսում: Իրենք մեզ պատկերացնում են իրենց պես մարդակեր ռեժիմ: Փաշինյանի երեկվա ելույթից ես շատ գոհ եմ եւ շատ տպավորված»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Տեռորի դեմ ՀՀԿ-ն փրկօղակ է գտել”

Մեկնաբանել