Փոքր տան մեծ խնդիրները

Sep 13, 2018 Comments Off on Փոքր տան մեծ խնդիրները

Երեկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է «Վրացական երկաթուղու» տնօրեն Դավիթ Փերաձեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի և հացահատիկի ներկրմամբ զբաղվող 2 հայ գործարարների հետ:

Առանցքային թեման Վրաստանի տարածքով ցորենի և հացահատիկային այլ կուլտուրաների՝ դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով բեռնափոխադրման արգելքն էր: Դավիթ Փերաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը սրանով մի քանի խնդիր է լուծում՝ ճանապարհների բեռնաթափում, անցակետերում հերթերի նվազեցում և էկոլոգիական: Սեպտեմբերի 15-ից արգելքն ուժի մեջ է մտնելու:

Որպես արձագանք այս իրավիճակին՝ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նախկինում գործող սակագների համեմատ նվազել են 52%-ով: Ընդ որում՝ այս զեղչը գործում է 150 հազար տոննա երաշխավորված ծավալով բեռների փոխադրման դեպքում: Փոխադրողները, սակայն, պնդում են, որ չնայած զեղչին՝ բեռի փոխադրման արժեքը միևնույն է կբարձրանա, ինչն էլ թանկացումների կբերի:

Փոխադրողների անունից Աշոտ Հակոբյանն առաջարկել է գոնե 1-1.5 ամսով հետաձգել արգելքի կիրառումը, որպեսզի տնտեսվարողները հասցնեն ավարտել իրենց ընթացիկ պայմանագրերը և պատրաստվեն փոխադրման նոր կանոններով աշխատանքին: Նախարարը նաև խնդրեց պարզաբանել՝ արդյոք արգելքի տակ մտնում են սերմացու բեռները ևս: Նրա խոսքով՝ այս հարցը անհրաժեշտ է դիտարկել առանձին, որովհետև տարեկան Վրաստանով Հայաստան է բերվում ընդամենը 500 տոննա սերմացու: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են արգելքի հետ կապված այլ ռիսկեր, «Վրացական երկաթուղու» տնօրենը խոստացավ բարձրացված հարցերը ներկայացնել Վրաստանի վարչապետին:

Այսօր «Ժամանակ» թերթը գրել է, որ ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։ Բեռնափոխադրողները հերթական ծանուցումն են ստացել վրացական կողմից, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվանից սկսած չեն կարող ցորենով բեռնված իրենց մեքենաներով հատել վրացական սահմանը։

«Ոչ մի բան էլ չի լուծվել, էդ զեղչերի մասին խոսակցություններն էլ հեքիաթներ են։ Սեպտեմբերի 14-ից կանգնելու է ներկրումը։ Իսկ եթե 52 տոկոս զեղչ էլ անեն, ապա մեր հաշվարկներով, մեկ է, 46-52 դոլար թանկանալու է ցորենի մեկ տոննան, որն ազդելու է նաև հացի գնի վրա։ Ցամաքային ճանապարհով ու ծովով փոխադրման միջև տարբերությունը կազմելու է 140 դոլար 1 տոննայի համար»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է բեռնափոխադրողներից մեկը։ Նրա խոսքով՝ իրենք փաստի առաջ են կանգնելու, քանի որ հեղափոխությունից հետո, երբ հայտարարվեց մոնոպոլիաներ չլինելու մասին, մարդիկ բեռնատար մեքենաներ են գնել, որպեսզի սկսեն ներկրում իրականացնել, բայց հիմա փաստի առաջ են կանգնել, չգիտեն՝ ինչպես մարել իրենց վարկերը, մեքենաների արժեքը վճարել։ Նրա խոսքով՝ եթե այս հարցը վերջնական լուծում չստանա, իրենք սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացնելու, բեռնատարներով ճանապարհներ են փակելու։

Սա Հայաստանում փոքր բիզնեսին վերաբերող խնդիրներից ընդամենը մեկն է: Խոշոր հաշվով անորոշությունը միայն այս խնդրին չի վերաբերում: Հայաստանում տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգային փոփոխություններ դեռ չեն իրականացվել առայժմ: Մինչդեռ կոնկրետ բիզնեսի մարդկանց համբերությունն անսպառ չէ:

Ականատես ենք դառնում տարբեր բողոքի ցույցերի, որոնք կարող են էլ ավելի ծավալվել ու դառնալ ավելի մասշտաբային: Կառավարությանը տրված 100 օրվա ժամկետը վաղուց անցել է: Ընդ որում, այդ 100 օրվա ընթացքում էլ քիչ բան չէր կարելի անել:

Փաշինյանը ուժերը պետք է կենտրոնացնի օրախնդիր հարցերի լուծմանը, որովհետև հասարակական վստահությունը պահպանվում է փոքր թվացող, բայց դրանք չլուծելու դեպքում հիասթափության մեծ ալիք բարձրացնելու հավակնորդ խնդիրներից:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: