Փաշինյանը հասկացրեց Ծառուկյանին

Sep 12, 2018 Comments Off on Փաշինյանը հասկացրեց Ծառուկյանին

Էրեբունի համայնքից մեկնարկած Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի բացման ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ոքվեր ուզում են, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակի, պետք է ձայն տան Հայկ Մարությանին: «Այս ընտրություները  չափազանց կարևոր են, որովհետև դրանք առաջին ընտրություներն են Հայաստանում տեղի ունեցածթավշյա հեղափոխությունից հետո: Այսպիսով՝ այս ընտրությունները ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն: Հայաստանի քաղաքացին պետք է վերահաստատի այն հաղթանակը, որ տարել է հրապարակում: Այս ընտրություններում խնդիրն այն չէ՝ Հայկ Մարությանը ընտրվելու է քաղաքապետ, թե ոչ, այլ ժողովուրդն իր հաղթանակը վերահաստատելու է, թե ոչ: Բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, ուրեմն ընտրատեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի, Հայկ Մարությանի օգտին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հեղափոխության հաղթանակն, անշուշտ, կարևոր գաղափար է, բայց կարևոր է նաև, թե ինչպես են լուծվելու մայրաքաղաքի տրանսպրոտի, աղբահանության, բնապահպանության և մնացած բոլոր հարցերը: Փաշինյանը շրջանցում է այս բոլոր թեմաները, որովհետև հրաշալի հասկանում է, որ Երևանի քաղաքապետի իր թեկնածուն լավագույնը չէ: Հայկ Մարթությանը գուցե ստացված դերասան է, բայց Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական և տնտեսական պաշտոն է միաժամանակ: Եվ եթե քաղաքական տեսանկյունից հիմնավոր է պնդումը, որ նա հեղափոխականների թեկնածուն է, ապա բացարձակ անհասկանալի է Երևանի զարգացման ծրագրի բացակայությունը: Մարդիկ հեղափոխություն են արել նախ և առաջ իրենց կյանքը փոխելու համար, իսկ կյանքի փոփոխությունը սկսվում է շատ տարրական բաներից` արժանապատիվ տրանսպորտից, մաքուր ու կանաչ միջավայրից և այս կարգի կենցաղային խնդիրներից:

Փաշինյանը հասկանում է, որ Հայկ Մարությանը, առանց իր աջակցության, չի կարող առաջնորդել քարոզարշավը: Սևերի ու սպիտակների խայտառակ պատմությունից հետո նրան պաշտոնական ամբիոն վստահելը վտանգավոր է: Փաշինյանը քարոզարշավի հեղափոխական տրամաբանությունից չի կարողանում դուրս գալ: Նա երևանցիներին չի առաջարկում մրցունակ ծրագիր, նրա համար ավելի հեշտ է զարգացնել հակահեղափոխության դեմ պայքարի թեզը:  Փաշինյանը հայտարարել է, թե կան քաղաքական ուժեր, որոնք իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն  փորձում են ՀՀԿ-ի հետ թաքուն համաձայնություն ձեռք բերել և տապալել հեղափոխությունը։ «Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, և այսօր գնացել խորհրդարանում բանակցում են հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ՝ թե բա տղե՛րք, կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»,– հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դրանք այն ուժերն են, որոնք միայն հեղափոխության հաղթանակից հետո միացան հեղափոխությանը և իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ, թեև մինչև իսկ ասում էին՝ «Սերժը լավ ա, ի՞նչ գործ ունեք, մեր երկրի կայունությունը խաթարում եք»։

Ըստ ամենայնի, Փաշինյանի այս մարտահրավերն ուղղված է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Փաշինյանն, իհարկե, անուններ չի տվել: Բայց ակնհայտ է, որ խորհրդարանական ուժերից միակը, որ միացել է հեղափոխությանը և դե ֆակտո հնարավորություն ունի որևէ կերպ խաթարել գործող ԱԺ-ի լուծարումը, Ծառուկյանն է: Փաշինյանը հենց դա էր հասկացնում Ծառուկյանին:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: