Օգնության կանչ Մոսկվային, կամ ծուղակ Պուտինի համար

Sep 12, 2018 Comments Off on Օգնության կանչ Մոսկվային, կամ ծուղակ Պուտինի համար

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում, որտեղ ամփոփել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքները, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

«Գուցե ղարաբաղյան բանակցային գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձևաչափի՞ պատճառով: Ես ի նկատի ունեմ ղարաբաղյան կողմի մասնակցությունը, այսինքն՝ այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին», – մասնավորապես ասել է Փաշինյանը:

«Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովն իր հարցում ասել է․ – «Հայաստանը 7 շրջանները ադրբեջանական է համարում: Դրանց վերադարձի մասին վաղուց է խոսվում, սակայն գործընթացը տեղից չի շարժվում»: Փաշինյանն ի պատասխան հայտարարել է․ – «Այսօր գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Սահմանադրություն, որի համաձայն՝ այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի մի մասն են»:

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանը չի խոսում փոխզիջումների մասին, միայն պարբերաբար պնդում է, որ հայկական կողմը զիջումների մասին կարող է խոսել միայն այն ժամանակ, երբ տեսնի, որ ադրբեջանական կողմն իրապես պատրաստ է զիջումների:

Այս առումով, գուցե նա ճիշտ մարտավարություն է ընտրել՝ եթե կզիջեք, մենք էլ կզիջեք, ոչ՝ ոչ: Բայց ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա Փաշինյանը խոսելու փոխարեն այս ընթացքում պետք է գործեր: Հարկավոր էր Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դեմ տանել աշխատանքներ դիվանագիտական ճակատում, ձեռքբերել այս հարցում համախոհներ, ապա ներկայացնել ուղղակի հիմնավորված պատճառաբանություն, թե ինչու Արցախը պետք է ներկայանա բանակցություններում որպես լիիրավ բանակցությունների կողմ: Չէ՞ որ դրա հիմքերը կան, Արցախը զինադադարի փաստաթուղթ է ստորագրել ժամանակին, մասնակցել է մի քանի բանակցությունների՝ ադրբեջանական կողմի հետ:

Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հույս ունի սեպ խրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի այդ ֆոնին սադրիչ գործողություններ սկսի ու հավելում է, որ քանի որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում գլոբալ քաղաքական խնդիրներ չկան և չեն լինի՝ Ադրբեջանի այդ սցենարը պարզապես տապալվել է:

Բայց չմոռանանք, որ դեռ վաղ է ասել, որ Ադրբեջանի ծրագրերը տապալվել են, ախր դեռ մինչև հիմա խոսվում է ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի անդամակցության հնարավորությունների մասին ու դեռ պարզ չէ, թե Մոսկվան ու Բաքուն ինչ պայմանավորվածությունների կարող են հասնել այս գործում:

Փաշինյանը նաև գտել է Ալիևին բացահայտելու «բանալին»: Նա նշում է, որ Ադրբեջանի նախագահը մտավախություն ունի, որ ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, կարող են անցնել Ադրբեջան, և ցանկանում է Ղարաբաղում, Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակը սրել, ինչ-որ սադրանքների միջոցով շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից և ինչ-որ կերպ հաղթահարել այն ներքաղաքական խնդիրները, որոնք այսօր կան: «Մենք պետք է բոլորս աշխատենք, որպեսզի պայմաններ ստեղծենք հակամարտության իրական խաղաղ կարգավորման համար: Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով, բայց Ադրբեջանը պետք է իմանա, որ հնարավոր չէ Հայաստանի հետ խոսել սպառնալիքի օգնությամբ», նշում է Փաշինյանը, կարծես օգնություն ակնկալելով նաև Մոսկվայից: «Մենք ասել ենք, որ պետք է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք շատ բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ գործադրում է Վլադիմիր Վլադիմիրովիչը հակամարտության կարգավորման համար: Մենք պատրաստ ենք բանակցություններին: Դրանք պետք է լինեն իրական բանակցություններ: Կարծում եմ՝ ոչ մեկին պետք չէ բանակցությունների իմիտացիա: Մենք պատրաստ ենք իրապես ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունն իսկապես լուծվի խաղաղ ճանապարհով»:

Մոսկվային օգնության կանչով՝ մյուս կողմից էլ Փաշինյանը Պուտինի վրա պատասխանատվություն է դնում: Սա կնշանակի, որ որևէ պահից լարվածության մեծացման հարցում նա մատնացույց է անելու հենց Պուտինին՝ որպես իրավիճակի պատասխանատու:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: