Նիկոլին՝ Նիկոլի ոճով

Sep 12, 2018 Comments Off on Նիկոլին՝ Նիկոլի ոճով

Երեւանի ավագանու ընտրություններ քարոզարշավը մեկնարկեց ուշագրավ նոտայով՝ ազդարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների կատաղի պայքարի նախերգանքը: Հատկապես ավագանու ընտրություններին մասնակից ֆավորիտները, որոնք հավակնում են ոչ միայն Երեւանի, այլ ամբողջ իշխանությունը վերցնելու, փոխադարձ կսմիթների եւ ակնարկների միջոցով բացեցին խաղաքարտերը միմյանց վերաբերյալ:

Եթե Գագիկ Ծառուկյանի թիմը մեկնարկային պայքարում դրսեւորվեց առավել կոռեկտ, պահեց գործընկերային համերաշխությունը՝ առանց թթու խոսք չասելու մյուսների հասցեին: Ավելին, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ով ում ուզում է, նրան էլ թող ընտրի, ինքը չի ասելու, որ պարտադիր ընտրեն ԲՀԿ թեկնածուին, ապա Նիկոլ Փաշինյանը անխնա քննադատեց բոլորին, սեւացրեց անգամ կառավարության գործընկերներին՝ հանդես գալով որպես ոչ թե վարչապետ, այլ մոլի հեղափոխական: Նա մեկ անգամ եւս վերահաստատեց, որ հասարակությանը տարանջատելու մոլուցքը իր եւ թիմի համար մտածողություն է արժեհամակարգ ու պնդեց, որ սեւերի ու սպիտակների հայտարարությունը շատ էլ տեղին էր, թեպետ սկզբում ինքը նախատում էր քաղաքապետի իրենց թեկնածու Հայկ Մարությանին այդ արտահայտության համար.«Ես ասացի՝ Հայկ ջան, բեր էդ սևն ու սպիտակը թողնենք, բայց ոնց որ Հայկը մի բան գիտեր էն ժամանակ: Ինչի՞ եմ ասում, որովհետև էսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ: Ու էսօր գիտե՞ք ինչ է տեղի ունենում, էսօր նրանք գնացել են, խորհրդարանում են բանակցում Հանրապետականի հետ, քուչեքում են բանակցում, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա տղերք, կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարով էլ պատգամավորի մանդատ ունենաք»:

Հասկանալի է, որ Փաշինյանի ակնարկը ՀՅԴ-ի կամ առավելապես ԲՀԿ-ի մասին է, որն ունի իշխանությունը վերցնելու ռեալ հնարավորություն, դրան զուգահեռ մամուլում տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ին որոշ տարածքներում աջակցություն են ցուցաբերում ՀՀԿ թաղային հեղինակությունները: Որ առավելապես ԲՀԿ-ին է վերաբերում վարչապետի ակնարկը, պարզ է դառնում խոսքի շարունակությունից, որը պատասխան է Ծառուկյանի՝ օրեր առաջ արված այն հայտարարության, թե Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրել է իր թիմը, որը կազմում է ընտրողների կեսը: Փաշինյանը սպառնաց, թե թող չընտրեին, նրանք ոչ մեկն էլ տուն չէին հասնի: << Հիմա էլ ընկել են ՀՀԿ-ի, կներեք, զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են: Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը ՀՀԿ-ի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրություններին: Հրապարակներից հարցազրույցներում իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, հետո թաքուն հավաքվում ու ասում են՝ եկեք հեղափոխությանը քցենք: Չի ստացվի, ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում, որովհետև ժողովուրդն է ձեզ մատնելու ջախջախիչ պարտության»,- հայտարարեց Փաշինյանը շեշտելով, թե այս ընտրություններով պետք է լուծել հակահեղափոխության, ԱԺ-ն լուծարելու հարցը:

Սա մի կողմից ցեխ էր նետված գործընկերների վրա, մյուս կողմից՝ մատնում, որ սեփական թեկնածուն այնքան ձախողված է ու դատապարտված պարտության , որ Փաշինյանը խաղարկում է հակահեղափոխության թեզը:

Մյուս կողմից Գագիկ Ծառուկյանի թիմն է շռնդալից կերպով մտնում ընտրապայքար՝ ի տես դնելով մեծ ռեսուրսը, սակայն ի տարբերություն Փաշինյանի, Ծառուկյանը ավելի զուսպ է, ավելի կոռեկտ ու դիվանագիտական քաղաքական գործընթացների վերաբերյալ: Ծառուկյանը ոչ մրոտում է, ոչ սեւացնում պայքարի մասնակիցներից որեւէ մեկին, սակայ չի փակում նաեւ նախորդ իշխանությունների հետ ճանապարհը: Մասնավորապես Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության հարցին նա Փաշինյանին իր լեզվով է պատասխանում: Եթե Փաշինյանը հորդորում է ժողովրդին հարցնել, թե Փաշինյանը վերադարձի շանս ունի, թե ոչ, ապա Ծառուկյանն ասում է, որ եթե Քոչարյանի կողքին ժողովուրդ կանգնի, ապա ինքն էլ խույս չի տա համագործակցությունից:

Այս երկու մրցակցային ճամբարներում տիրող մթնոլորտի համատեքստում երջանիկ անդորրի մեջ պայքարը մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ում քարոզարշավի մեթոդները, գործինքերը, ոչինչ չի փոխվել: Նա շրջում ու բարեւում էր բոլորին, եւ այս անգամ հորդորում նաեւ ժպտալ, որն իրենց կարգախոսն է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: