Միակ հայրենասերը Տիգրան Մանսուրյանն է. ՊԵԿ նախագահի հաշվետվությունը

Sep 12, 2018 Comments Off on Միակ հայրենասերը Տիգրան Մանսուրյանն է. ՊԵԿ նախագահի հաշվետվությունը

2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880 միլիարդ դրամ հարկային եկամուտ, որից 670.7 միլիարդ դրամը՝ հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 120.8 միլիարդ դրամ կամ 15.9 տոկոս:  Այս տվյալներն հաշվետու  ասուլիսում ներկայացրել է

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ամփոփելով հունվար-օգոստոս ամիսների տվյալները: Պետք է նկատել, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում ՊԵԿ-ը միակ կառույցն է, որի ներկայացրած թվերը հստակ և նկատելի աճ են ապահովել: Նկատենք, որ 2018-ի համար ի սկզբանե նախատեսված էր հավաքագրել 107 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ, այդ սահմանաչափին հարկահավաք մարմինը հատել է դեռևս հուլիսին:

Այսօր արդեն, երբ դեռ տարվա ավարտին 4 ամիս ժամանակ կա, ՊԵԿ նախագահը հայտարարում է եկամուտների 120 մլրդ դրամ աճի մասին, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի սկզբի դրությամբ նախատեսվածից 13 մլրդ դրամ ավել հավաքագրում է կատարվել:

Հավաքագրումների որոշ մասն, իհարկե վերադարձվել է հարկատուներին. 2018-ի հունվար-օգոստոս ամիսներին հարկ վճարողների բանկային հաշիվներին վերադարձվել է 67.2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 41.1 միլիարդի փոխարեն կամ 26.1 միլիարդ դրամով ավել: Սա պայմանավորված է ավելացված արժեքի հարկի ապառքները, եկամատահարկով հատուցվող հիփոթեքային վարկի տոկոսները ետ վերադարձնելու, ինչպես նաև որոշ տուգանքներ չեղյալ հայտարարելու հանգամանքով:

Պետք է նկատել, որ չնայած հետհեղափոխական համեմատաբար անկայուն իրավիճակին՝ Դավիթ Անանյանին և ՊԵԿ անձնակազմին, ամեն դեպքում, հաջողվել է ապահովել  բնականոն հավաքագրումներն և դեռ աճ ապահովել: Դատելով թվերից՝ աճի ապահովումն հնարավոր է եղել առավելապես հարկային մուտքերի հաշվին:  Եթե  հաշվի առնենք, որ երկրում ներդրումային անկում է գրանցվել, ապա պետք է ենթադրել, որ եկամուտներն աճել են ստվերի կրճատման հաշվին: Կատարված 619 համալիր ստուգումների արդյունքում կազմված ակտերով առաջադրվել է լրացուցիչ 13.5 միլիարդ դրամ պարտավորություն:

Բայց այսքանը նոր կառավարության բոլոր խնդիրները լուծելու համար բավարար չէ, առավել ևս, որ ստվերի դեմ պայքարի ռեսուրսներն էլ ամվերջ չեն: Թերևս պատահական չէ, որ ՊԵԿ նախագահը Հայաստանում Սինգապուրյան հրաշքի չի սպասում, ընդամնեը հույսը դրել է երգիչ- երգչուհիներից հարկեր գանձելու վրա:

Սինգապուրում օրենսդրության մեջ մի շատ կարևոր նշանաբան կա. հարկեր վճարելու պատրաստակամությունը համարվում է հայրենասիրություն:Հայաստանում ՊԵԿ-ը դեռևս չի հասել այն գաղափարախոսությանը, որ  հարկեր վճարելը հայրենասիրություն է:

«Մեր մոտ ուրիշ նշանաբան ունեք, մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները որևէ ձևով ցանկություն ունեն խուսափել հարկերը վաճելուց, մենք Սովետական միությունից ունենք քաշ տված ժառանգություն՝ պետությանը խաբելը հարգանքի արժանի է», — կարծում է Դ. Անանյանը:

Ըստ Անանյանի՝  օրինակ, մշակույթի ոլորտում առկա է հարկերը չվճարելու մշակույթ:

«Օրինակ՝ ունենք սիրված երգիչներ ու երգչուհիներ, նրանք հայրենասիրական երգեր են գրում ու կատարում, բայց որևէ երգիչ-երգչուհի տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել», — հայտարարել է  ՊԵԿ նախագահը և նկատել, որ   միայն Տիգրան Մանսուրյանն է ժամանակին հայտարարագրեր ներկայացրել: Ստացվում է, որ միակ հայրենասերը Մանսուրյանն է: Ասել կուզի՝ եթե մշակույթի մարդիկ հայրենասեր հարկատուներ չեն, էլ ի՞նչ  պահանջենք չոր ու ցամաք օլիգարխներից:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: