Դպրոցի բոլոր ավարտական քննությունները կլինեն միասնական,կանցկացնի ԳԹԿ-ն. Արայիկ Հարությունյանը հույս չտվեց նախկին ՀՀԿ-ականին

Aug 23, 2018 Comments Off on Դպրոցի բոլոր ավարտական քննությունները կլինեն միասնական,կանցկացնի ԳԹԿ-ն. Արայիկ Հարությունյանը հույս չտվեց նախկին ՀՀԿ-ականին

Նոր ուսումնական տարվա գլխավոր նորությունը դպրոցների ավարտական քննությունների միասնական ընթացակարգի ներդրումն է:
Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցության ժամանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այուհետ բոլոր աշակերտները ավարտական բոլոր քննությունները կհնաձնեն միասնական ըթացակագրով:
«Շատ մեծ է հավանականությունը, որ բոլոր ավարտական քննություններն այսուհետ լինելու են միասնական, և դրանք դպրոցներում չեն անցկացվելու, այլ վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Նախարարի կարծիքով դպրոցի կազմակերպած ավարտական քննությունները ամենևւին չեն արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: «Ես ձեզ խնդրում եմ, որ բոլոր աշակերտներին, հատկապես ավարտական դասարանների, տեղեկացնեք սրա մասին, որպեսզի մայիսին նրանք փաստի առաջ չկանգնեն եւ ամենեւին հույս չունենան, որ տիկին Պողոսյանը, պարոն Պետրոսյանը նախկինի պես հնարավորություն են ունենալու ավարտական քննությունների ժամանակ իրենց օգնելու: Նրանք պետք է ինքնուրույն հանձնեն իրենց քննությունները: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Հետագայում մենք x դպրոցի, y դպրոցի արդյունքները դնելով սեղանին, այդ դպրոցների ղեկավարությանը հարցնելու ենք, թե ինչու է միջին գնահատականները, օրինակ, մաթեմատիկա առարկայից այսքան ցածր: Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար »,- դիմելով տնօրեններին հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ նկատելով, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասել ավելի ցածր գնահատականների, բայց դա նաև խթան կհանդիսանա, որպեսզի տնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների:
Արայիկ Հարությունյանը խոսեց նաև դպրոցական համազգեստի մասին՝ նշելով, որ սոցիալական ցանցերում իր՝ այս թեմայով հայտարարությունից հետո տարատեսակ քննարկումներ և հակադիր կարծիքներ են հնչել: Նախարարի խոսքով՝ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, այդ որոշումը պետք է կայացվի ծնողական խորհրդի կողմից` համապատասխան քննարկման արդյունքում. «Սակայն ինձ համար անընդունելի է, երբ ուսուցիչը, դասղեկը կամ դպրոցի փոխտնօրենը համազգեստ չհագնելու համար երեխային տուն է ուղարկում»,- նշեց նա: Ինչ վերաբերում է աշակերտների՝ հեռախոսով դասի նստելու խնդրին՝ առայժմ այս առումով սահմանափակումներ չկան, բայց քննարկումներ լինելու են: Նախարարիր անձնական կարծիքով՝ դպրոց մտնելուց հետո երեխան պետք է հանձնի հեռախոսը դպրոցում այդ նպատակով ստեղծված հատուկ պահման վայր և դասերի ավարտին միայն վերցնի այն:
Նշենք, որ Արմավիրի մարզի տնօրենների մոտ բոլոր քննությունները միասնական և ԳԹԿ-ի վերահսկողությամբ հանձնելու նորամուծությունը անհանգստություն առաջացրեց:

Անհամաձայնության մասին բարձրաձայնեց Այգեկ համայնքի դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը, ով իր հարցադրումներն հնչեցրեց նախաբան ելույթով: Նա հայտարարեց, որ ողջունում է դպրոցները քաղաքականությունից հեռու պահելու նախարարի նախաձեռնությունը, բայց ունի նաև մի շարք մտահոգություններ. «Պարոն նախարար, դպրոցների տնօրենների հասցեին անընդհատ լսում ենք նախատիքներ՝ մեզ ասսում են՝ կհսկենք, կվերահսկենք, կվերլուծենք, կստուգենք, կնստեցնենք…. Պարոն նախարար, էդպես չի կարելի: Մենք պիտի իրար խնայենք ու խնամենք՝ մենք Ձեզ, Դուք էլ մեզ: Բայց Դուք էդպես չեք վարվում: Նախ պարտադրում ենք 12-ամյա կրթություն, թույլ երեխաներին իրենց ու մեր կամքին հակառակ պարտադրում եք 12 տարի դպրոց գալ: Թույլ սովորող աշակերտին պահանջում եք նստեցնլ ուժեղ աշակերտի հետ, իսկ նա «քնում» է դասի ժամանակ:Դրանից հետո մի հատ էլ եք մահակ իջեցնում դպրոցի գլխին՝ եթե այդ երեխան, որ ստիպելով բերել ենք դպրոց, վերջում արդյունք ցույց չտա, տնօրեն, ուսուցիչ պիտի պատասխան տան: Ինչի՞ համար: Չե՞ն ուզում, մի բերեք, դպրոց»,- հայտարարեց Ռուզաննա Արիստակեսյանը:
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ ավագ դպրոց հաճախել չցանկացող երեխաները կարող են սովորել նախնական արհեստագործական կրթության եւ միջին մասնագիտական հաստատություններում եւ ձեռք բերել որևէ մասնագիտությունը:
«Եվ ես կարծում եմ, որ աշխարհում չկա չսովորող աշակերտ, կա պարզապես չբացահայտված եւ կա նրա մոտ հետաքրքրություն չառաջացնող ուսուցիչ: Ինչ վերաբերում է մահակ ճոճելուն, եթե շատ ուշադիր լսեիք իմ խոսքը, ես միշտ նշում էի՝ որոշ տնօրեններ եւ որոշ ուսուցիչներ: Իմ խոսքում հատուկ շեշտեցի, որ իրենց գործը սիրող, պարտաճանաչ, բանիմաց ուսուցիչներն ու տնօրենները իմ գործընկերներն են, խնդրում եմ նրանց ինձանից չզատել եւ ես որեւէ մեկի գլխին մահակ չեմ ճոճում: Այսուհետ բոլորը պետք է աշխատեն օրենքի սահմաններում, այդ թվում նախկինում որոշ քաղաքական ուժերի շահերը սպասարկողները»,- Այգեկի դպրոցի տնօրենին արձագանքելով՝ ասաց ԿԳ նախարարը: Ի դեպ, երբ տիկինը հարց էր բարձրացնում, դահլիճում շշուկներ տարածվեցին, այս տնօրենին նշանակման հարցում նախկինում աջակցել է Շմայսը ՛ Առաքել Մովսիսյանը: Մեկ այլ դպրոցի ուսամասվար էլ հայտարարեց, որ ինքը դեն է նետել ՀՀԿ-ի տոմսը այժմ ակնկալում է բարձր պաշտոն՝ կամ մարզի կրթության վարչության պետ կամ էլ մարզպետ: Արայիկ Հարությունյանը նախկին ՀՀԿ-ականին խոստումներ չտվեց: Իսկ տնօրեններից պահանջեց դրամահավաք չանել, դպրոցը հեռու պահել քաղաքականությունից:

Անդրադառնալով հանրային շրջանակներում քննարկվող հարցին, թե որոշ առարկաներ կարող են հանվել, նախարարը նշեց, որ այս տարի կրթական ծրագրում և առարկայացանկում որևէ փոփոխություն չի կատարվել.:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: