Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Aug 20, 2018 Comments Off on Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է պաշտպանը:

«Այսօր բողոք եմ ներկայացրել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, և գրավի կիրառումը ճանաչվի թույլատրելի»,- ասաց Զորայր Հարությունյանը:

Գործով մյուս մեղադրյալի՝ Մասիսի քաղաքապետի եղբոր` Գոռ Համբարձումյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի՝ սահմանելով 2 մլն դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ սույն որոշումը բողոքարկելու համար մեղադրող կողմը դիմելու է Վճռաբեկ դատարան:

Օգոստոսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբանների միջնորդությունը կալանքը գրավով փոխարինելու մասին:

Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է հուլիսի 6-ին: Նույն օրը կալանավորվել է նաև նրա եղբայր Գոռ Համբարձումյանը:

Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել Երևանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով, ինչպես նաև նույն օրը Արարատի մարզի Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: