Նոր կրակոցներ, կրկին մեղադրանքներ, հին փոխհրաձգություն

Aug 22, 2018 Comments Off on Նոր կրակոցներ, կրկին մեղադրանքներ, հին փոխհրաձգություն

Քիչ առաջ սկանդալային տեղեկատվություն ստացվեց Թուրքիայից: Անհայտ անձինք կրակ են բացել Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան շենքը հսկող պահակների վրա: Տուժածներ չկան: Ըստ ականատեսների, անհայտ անձինք կրակ են արձակել դեսպանատան փողոցով սլացած մի սպիտակ մեքենայից: Ոստիկանները հաղորդել են, որ որոնում են զինյալներին պատկանող մեքենան: Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փակ էր Էյդ ալ-Ադհա մահմեդական տոնի կապակցությամբ:

Այս իրադարձությունն, ըստ ամենայնի, առաջիկայում էլ ավելի կսրի թուրք-ամերիկյան հարաբերությունները…

Նախօրեին Թուրքիան արտգործնախարարի մակարդակով մեղադրել է ԱՄՆ նախագահին ու պնդել, թե Դոնալդ Թրամփն իրականում փորձում է երկարաձգել երկկողմ դիվանագիտական ճգնաժամն ու դրանից ներքաղաքական դիվիդենտներ շահել՝ Սենատի միջանկյալ ընտրություններին ընդառաջ:

«Թվում է՝ Միացյալ Նահանգներն անկեղծ չէ, և չի ուզում հարթել այս ճգնաժամը: Նրանք ուզում են օգտագործել սա Սենատի ընտրություններում», – երեկ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով. – «Մենք նախընտրում ենք խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով ու բանակցություններով, Ամերիկան՝ սպառնալիքներով»:

Երբեմնի ռազմավարական դաշնակիցներն այս ամսվա սկզբից անցել են փոխադարձ պատժամիջոցների ու սպառնալիքների՝ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանոսնի պատճառով, որին Թուրքիայի իշխանությունները երկու տարի է կալանավորել են՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով:

Վաշինգտոնը ծայրեծար անարդար ու հորինված է որակում գործը՝ քրիստոնյա հոգևորականին համարելով զոհ ու գերի Էրդողանի վարչակազմի ձեռքում: «Կոչ եմ անում չփորձել նախագահ Թրամփի համբերությունը և անհապաղ նրան զատ արձակել՝ օրեր առաջ զգուշացրել էր փոխնախագահ Մայք Փենսը: Ինքը՝ Դոնալդ Թրամփն էլ շաբաթավերջին Թվիթերում գրել էր՝ «Թուրքիան չարաշահել է Ամերիկայի վստահությունը»:

Արևմտյան լրատվամիջոցները ՝ 50-ամյա պաստորին արդեն կնքել են որպես աշխարհի ամենաթանկ բանտարկյալ։ «Նրան կալանքի տակ պահելու դիմաց Թուրքիան շաբաթների ընթացքում քառասուն միլիարդ դոլար է կորցրել ֆոնդային բորսաներում, ազգային արժույթը մեկ հինգերորդով արժեզրկվել է, տնտեսությունն էլ հայտնվել կաթվածահար վիճակում», – գրել էր հեղինակավոր Economist-ը:

Երկկողմ այս լարվածության ֆոնին Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, օր-օրի արժեզրկվում է, փորձագետները խոսում են տնտեսության հնարավոր ճգնաժամի մասին:

BBC-ն՝հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրները, հաղորդում է, թե Վաշինգտոնում նոր, առավել կոշտ պատժամիջոցներ են պատրաստում Անկարայի դեմ: Bloomberg-ը՝ փաստելով, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարանում են այնքան արագ, որքան սրընթաց արժեզրկվում է թուրքական լիրան, նշում է. -«Դիվանագիտական այս ճգնաժամը կարող է հանգուցալուծվել երկու ճանապարհով՝ կա՛մ փոխզիջումներով, որոնք թույլ կտան հնարավորինս քիչ վնասներ հասցնելով փրկել երկկողմ համագործակցությունը, կա՛մ կապերի լիակատար խզմամբ, ինչը կործանարար հետևանքներ կունենա Թուրքիայի տնտեսության ու Ամերիկայի տարածաշրջանային շահերի վրա: Ցանկացած պարագայում՝ թուրք-ամերիկյան հարաբերություններն այլևս առաջվանը չեն լինի»։

Այսպես, ԱՄՆ-ը ու Թուրքիան սպառում են միմյանց դեմ նոր, առավել կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ էլ ավելի խորացնելով դիվանագիտական ճգնաժամը երկու դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև:

«Թուրքիան չապացուցեց, որ մեր լավ բարեկամն է», օրերս կառավարության նիստում հրապարակավ նշեց Սպիտակ տան ղեկավարը՝ «սարսափելի ու անարդար» որակելով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը: – «Նրանք կալանքի տակ են վերցրել հիանալի մի քրիստոնյայի, մի անմեղ մարդու․․․ Սա սարսափելի բան է, և ես կուզեի իմանալ՝այս հարցի առնչությամբ ինչ պատժամիջոցներ եք դուք կիրառում», – հետաքրքրվել է Սպիտակ տան ղեկավարը ֆինանսների նախարարից: «Ինչպես գիտեք, մենք արդեն, ձեզ հետ համատեղ քննարկումների արդյունքում, պատժամիջոցներ ենք սահմանել Թուրքիայի կառավարության մի քանի ներկայացուցիչների հանդեպ, և ունենք հավելյալ քայլեր, որ կարող ենք կիրառել, եթե նրանք արագորեն ազատ չարձակեն Բրանսոնին», – արձագանքել է նախարար Սթիվեն Մնուչինը:

Թուրքիայում ազատազրկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը ազատազրկվել է երկու տարի առաջ՝ Էրդողանի վարչակազմի դեմ իրականացված հեղաշրջման փորձից հետո: Անկարան նրան մեղադրում է լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու համար, և եթե այս մեղադրանքներն ապացուցվեն, հոգևորականը կարող է 35 տարվա ազատազրկման դատապարտվել: «Դա խայտառակություն է», – շաբաթներ առաջ պնդել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Երեկ էլ, թուրք գործընկերներին կառավարության նիստում քննադատելուց հետո, նա Անկարային ուղղված հերթական զգուշացումն է հրապարակել Թվիթերի իր էջում: – «Թուրքիան տարիներ շարունակ չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը: Մենք չենք պատրաստվում անմեղ մարդու ազատ արձակման դիմաց ինչ-որ զիջումների գնալ, բայց հաստատ կսահմանափակենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները», – զգուշացրել էր Միացյալ Նահանգների նախագահը:

Չնայած Վաշինգտոնի այս զգուշացումներին՝ թուրքական դատարանն օրերս հերթական՝ երրորդ անգամ է մերժել պաստորին կալանքից ազատելու միջնորդությունը, առևտրի նախարար Ռուհսար Փեկչանն էլ հայտարարել է՝ Ամերիկայի հետ հարաբերություններում կառաջնորդվեն «ակն ընդ ական» սկզբունքով: – «Մենք արդեն իսկ պատասխանել ենք նրանց պատժամիջոցներին, և եթե լինեն նոր սահմանափակումներ, մենք էլ նոր՝ համարժեք քայլեր կձեռնարկենք», – ասել է թուրք պաշտոնյան:

Մինչ այս՝ շաբաթներ առաջ, Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի երկու նախարարների հանդեպ և շեշտակի բարձրացրել այդ երկրից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները: Ի պատասխան Անկարան բարձրացրել էր ամերիկյան ավելի քան երկու տասնյակ ապրանքների, այդ թվում՝ մեքենաների, ոգելից խմիչքների ու ծխախոտի ներկրման մաքսադրույքները, նախագահ Էրդողանն էլ հորդորել էր թուրքերին բոյկոտել ամերիկյան դոլարն ու էլեկտրոտեխնիկան:

Արևմտյան աղբյուրները պնդում են, որ իրականում Անկարան ուզում է, որ Վաշինգտոնը ամերիկացի պաստորի դիմաց Թուրքիային արտահանձնի ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, ում Էրդողանը մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

ԱՄՆ-Թուրքիա ներկա դիմակայության պատճառը պաշտոնապես Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունն է, որին թուրքերը պատանդ են պահում՝ ահաբեկչության մեջ մեղադրելով։ Սակայն այս ամենի արմատը երկիրը կործանելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վճռականության մեջ է թաքնված, գրում է New York Post-ը։

Նույնիսկ երկրի բարգավաճման ուղղությամբ Էրդողանի քայլերը փակուղի են հիշեցնում։ Թուրքիայի արտաքին պարտքը 217 մլրդ դոլարի է հասել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամիս, հովվին հանձնել հրաժարվելու հետ կապված, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանեց և խոստանում է դրանց երկրորդ ալիքը։

Ի պատասխան՝ Էրդողանը սպառնաց  iPhone-ի և ամերիկյան այլ արտադրանքների բոյկոտով, իսկ երկրի քաղաքացիներն արդեն իսկ լծվել են iPhone-ներ ջարդելուն՝ տեսագրելով ու ցուցադրելով իրենց գործողությունները:

Էրդողանը շարունակում է ղեկավարել երկիրը՝ հիմնվելով ազգայնական քարոզչության ամրացման վրա: Թեև տնտեսապես թուրքական բիզնեսը տուժում է ամերիկյան պատժամիջոցների արդյունքում, բայց նա շարունակում է վայելել բնակչության վստահությունը: Էրդողանի համար կարևորը հասարակական վստահությունն է և նրան կուրորեն հավատալու ցուցադրությունն աշխարհին:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: