Կարևոր թվեր, որ Նիկոլ Փաշինյանը չնշեց հրապարակում

Aug 21, 2018 Comments Off on Կարևոր թվեր, որ Նիկոլ Փաշինյանը չնշեց հրապարակում

Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր երկրում հնարավոր է եղել խուսափել տնտեսական ցնցումից, ինչը բնորոշ է հեղափոխություններ վերապրած երկրներին:

Ըստ Փաշինյանի՝ մեր հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ վերլուծական բոլոր կենտրոնները կանխատեսում էին, թե Հայաստանն անխուսափելիորեն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, և միայն հեղափոխական կառավարության հաջող աշխատանքի դեպքում որոշ ժամանակ անց հնարավոր էր տնտեսական աճ և ակտիվություն ակնկալել:

«Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է. գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել:
Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի՛ ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան ՀՀ-ից հեռանում են, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ: Հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ժամանել 29 հազար 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնածները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր շուրջ 6 հազարով: Այս տարի եկածների թիվը ավելի է 29 հազար 986-ով: Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի: Սա, ըստ էության, նշանակում է ներդրումային և զբոսաշրջության հետաքրքրության աճ: Իհարկե, ֆորմալ, օտարերկրացիների մեջ բազմաթիվ են նաև մեր հայրենակիցները և այն, որ Երևանում ու հանրապետության բազմաթիվ քաղաքներում վերջին 3 ամսվա ընթացքում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով, այսինքն՝ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում Երևանում և հանրապետության այլ քաղաքներում:
Դուք գիտեք, որ հեղափոխության օրերին շատ էր խոսվում, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ Հայաստանից արտահոսում են, և դա համապատասխանում էր իրականությանը, իրոք, կար այդպիսի բան: Բայց այսօր միանշանակ և պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ երկիր է եկել մոտավորապես 116 միլիարդով ավելի շատ գումար, 116 միլիարդ, այսինքն՝ դուրս եկած գումարների չափով գումար է եկել, իսկ Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 միլիարդ դրամով, այսինքն՝ մոտ 250 միլիոն դոլարով: Ընդ որում, սա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացինեըը և սփյուռքի մեր հայրենակիցներն ապագայի նկատմամբ ունեն բացառիկ վստահություն, և սա տնտեսական հետագա առաջընթացի ու աճի ամենակարևոր երաշխիքն է: Վերջին 3 ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է շուրջ 99 մլրդ դրամով, այսինքն՝ այսքան ավելի վարկ են վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ներդրել են բիզնեսի մեջ»,- հրապարակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ինքը 40 րոպեում վերացրել է Հայաստանի բոլոր մենաշնորհները:

Բացի այդ՝ 2018 թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ և բանջարեղեն, որքան նախորդ տարին ամբողջը միասին վերցրած: Հարկային մարմինները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի են հավաքագրել 28.8 մլրդ դրամ: Ընդ որում, գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով: Իբրև նախկին ընդդիմադիր՝ Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ վիճակագրական տվյալները Հայաստանում միշտ էլ  մանիպուլյատիվ են եղել, և դրանց հավատալը մոտավորապես հավասարոզոր էր «Հայլուրի Հայաստանում» ապրելուն: «Հայլուրի Հայաստանը» նախորդ իշխանության կողմից հորինված, սակայն իրականում գոյություն չունեցեղ մի միջավայր էր, որի մասին խոսվում էր հիացական նոտայով:

Փաշինյանի հրապարակած թվերը լիովին տեղավորվում են նախկին տրամաբանության մեջ : Բնավ կասկածի չենթարկելով հրապարակում հնչեցված թվերը՝ նկատենք, որ կան մի քանի այլ կարևոր, նույնիսկ շատ կարևոր թվեր ու փաստեր, որոնց վարչապետը չանդրադարձավ: Օրինակ՝ գների ֆանտաստիկ աճը. հեղափոխությունից հետո առաջին սպառման մի քանի ապրանքներ 30-50 տոկոսով թանկացել են. միսը, վերջին օրերին՝ նաև ձուն ու ալյուրը: Մեկ կգ տավարի մսի գինը երևանյան խանութներում տատանվում է 2900-3850 դրամի սահմանում, խոզի միսը՝ 2850-3700 դրամի սահմանում: Ըստ այդմ՝ մսի գինը վերջին երեք ամսվա ընթացքում բարձրացել է միջինը 1000 դրամով: Գործարանային ձվի գիննն այսօր 50-65 դրամ է, մինչդեռ երկու ամիս առաջ 42-50 դրամ էր կազմում, այսինքն՝ ձուն թանկացել է միջինը 10 դրամով: Ալյուրի մեկ պարկը վերջին մեկ ամսում թանկացել է 1000 դրամով. 11 հազար դրամից դարձել է 12 հազար դրամ: Սրան գումարած նաև այն իրողությունը, որ նախորդ տարվա համեմատ բարձր են գյուղատնտեսական նշանակության մթերքների գները: Ըստ էության հեղափոխությունից հետո սպառողական զամբյուղի գինը Հայաստանում բարձրացել է: Եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, Հայաստանում մենաշնորհներ չկան, ապա ինչու գները չեն նվազում՝ ընդհակառակը, դեռ մի բան էլ բարձրանում են:

Եթե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ունեն տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները, միևնույն հասանելիությունը, միևնույն ազատությունները ինչու չեն ստեղծվում նոր ձեռնարկություններ և նոր աշխատատեղեր: Այդ նույն պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ գործազրկության մակարդակը Հայաստանում չի նվազել, չի ավելացել նաև մասնավոր տնտեսվարողների թիվը:

Այս ամենը իրականում նշանակում է մի պարզ բան, որ մի կողմից նոր իշխանությունը բավարար վստահություն չի ներշնչում ներդրումների և բիզնեսի համար, մյուս կողմից էլ Փաշինյանն ու նրա թիմը չունեն տնտեսության զարգացման հստակ տեսլական:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: