Պետական ինստիտուտների զրոյացում, թե՞ Նիկոլական ժողովրդավարություն

Aug 21, 2018 Comments Off on Պետական ինստիտուտների զրոյացում, թե՞ Նիկոլական ժողովրդավարություն

Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իշխանության տեր հռչակեց ժողովրդին՝ նշելով, որ կառավարությունը հաշվետու է լինելու հրապարակում հավաքված բազմությանը: Փաշինյանը խոսեց նաև հանրաքվեների մասին, որոնք պետք է ծառայեն որպես մեխանիզմ՝ լիազորելու կառավարությանը գնալ կամ չգնալ որևէ քայլի. «Դո՛ւք եք որոշելու՝ կառավարությունը գնա՞ այս կամ այն քայլին, թե՞ ոչ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Արդյոք սա չի՞ նշանակում պետական քաղաքականության մշակման կամ իրականացման գործընթացներում պետական ինստիտուտների զրոյացում: Առաջին հայացքից նման վտանգ իսկապես կա: Պետական կառավարման մարմինները առաջնորդվում են ոլորտային խնդիրներով և մշակում ոլորտային քաղաքականություն, դրանով պայմանավորված իրավական փոփոխություններ են արվում, ծրագրեր են կյանքի կոչվում և այլն: Դժվար է պատկերացնել, թե մասնագիտական տարբեր խնդիրներին ինչպես, գնահատման ինչ չափանիշներով է «այո» կամ «ոչ» ասելու հրապարակի բազմությունը:

ԱԺ Ելք խմբակցության նախագահ պատգամավոր Լենա Նազարյանը, պարզաբանելով Փաշինյանի առաջ քածաշ այս թեզը, ՖԲ էջում գրել էմ, որ խոսքը վերաբերում է ուղիղ կամ մասնակցային ժողովրդավարությանը, որի իրականացման իրավական մեխանիզմը տեղական և համապետական հանրաքվեներն են: Ըստ Լենա Նազարայնի՝ երբ ասվեց, որ ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման համակարգի դե ֆակտո փոփոխություն և որ Հայաստանում կա միայն ժողովուրդ, և ժողովուրդն է (հրապարակը) իրականացնում ուղիղ կառավարում, չի նշանակում, որ Հայաստանում չի լինելու սահմանադրություն կամ պետական կառույցներ կամ որ հրապարակում հավաքված մարդիկ ձեռք բարձրացնելով են որոշելու: «Ասվածի իմաստն այն է, որ փոխվել է ժամանակը, և մեռած են կամ կմեռնեն այն իշխանություններն ու ընդդիմությունները, որոնք չեն հասկանա, որ ներկայացուցչական ժողովրդավարության այն ձևը, որը եղել է մինչև ցանցային տեխնոլոգիաների զարգացումը, այլևս գրավիչ չէ քաղաքացիների համար: Ամբողջ աշխարհում նույնիսկ լեգիտիմ իշխանություններն ու լիարժեք աջակցություն վայելող խորհրդարաններն այլևս չունեն նույնչափ ներկայացուցչական մանդատ, որքան որ տարիներ առաջ են ունեցել: Քաղաքացիներն այլևս չեն ուզում, որ ինչ-որ մեկն իրենց ներկայացնի, առավել ևս 10.000 դրամանոց ԱԺ-ն, մարդիկ ուզում են մասնակցելու հնարավորություն, և դրա լավագույն ձևը հանրաքվեներն են: Երբ որ ասում ենք, որ քաղաքացիներն են որոշելու իրենց կյանքին վերաբերող հարցերը, դրանք սիրուն խոսքեր չեն, այլ շատ հստակ քաղաքական հեղափոխական ծրագիր»,- պարզաբանել է Փաշինյանի կուսակիցը:

Այս բացատրությունը հասկանալի է, բայց իրականության մեջ, միևնույնն է, դժվար է պատկերացնել դրա իրագործումը: Օրինակ՝ պատկերացնենք որևէ միջազգային կառույցից մեր սիրելի կառավարությունը վերցնում  է հերթական վարկը, և այդ վարկային պայմանագիրը վավերացվում է ԱԺ-ում: Բնականաբար, արդար կլինի, եթե վարկ վերցնելու կամ դրանից հրաժարվելու հարցը դրվի համապետական հանրաքվեի, որովհետև բոլոր տեսակի կառավարությունները, նախարարներն ու վարչապետերը գալիս և գնում են, իսկ արտաքին պարտքը, որը տարատեսակ վարկերի մի ամբողոջություն է, ի վերջո վճարում են ՀՀ քաղաքացիները: Բայց ի՞նչ եք կարծում. եթե քվեարկության դրվի նման հարց, ինչպիսի՞ արդյունք կունենանք: Ի՞նչ պետք է անեն կառավարությունն ու վարչապետը, եթե ՀՀ քաղաքացիները մերժեն վարկը՝ պետք է հրաժարվե՞ն դրանից, եթե անգամ խոսքը կարևոր որևէ խնդրի համար ֆինանսավորում ապահովելու մասին է: Կամ էլ, օրինակ, եթե նույն քաղաքացիները պահանջեն, որ օտարերկրյա վարկը պետք է հավասար բաժանել ՀՀ բոլոր քաղաքացիների վրա, որպեսզի մարդիկ սկսեն լավ ապրել: Ինչ է՝ կառավարությունը համաձայնվելո՞ւ է:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: