Նիկոլի առաջին նահանջը. նա ևս կարող է դատվել Քոչարյանի հոդվածով

Aug 19, 2018 1 Comment

Պաշտոնավարման 100 օրվան առիթով Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենամտահոգիչ կետը անցումային արդարադատության ինստիտուտի ներդրումն է: Եթե անգամ անցումային արդարադատության մարմինների լինել- չլինելու հարցը պիտի ժողովրդական հանրաքվեով որոշվի, միևնույնն է, անհասկանալի է, թե ինչով են զբաղվելու այդ մարմինները: Ի՞նչ գործառույթ պիտի իրագործեն անցումային արդարադատության մարմինները, որ չեն իրականացնում դատարանները: Իհարկե, քանի դեռ չի ներկայացվել նման մարմին ստեղծելու մոդելը, և չկա կոնկրետ իրավական առաջարկ, դժվար է գնահատական տալ, բայց նման պատասխանատու հայտարարություն անելուց հետո կառավարության ղեկավարը թերևս պետք է նաև մանրամասնի՝ որն է դրա նպատակը: Եթե խնդիրն այն է, որ դատական համակարգը չունի բավարար հանրային վստահություն, արդարադատության համակարգում լիարժեք չի գործում հակակշիռների մեխանիզմը, և այս նոր օղակը ներմուծվում է որպես այլընտրանք դատարաններին, ապա սա վտանգավոր միտում է և կարող է ժողովրադական տրիբունաների մերօրյա գործիքի վերածվել՝ դրանից բխող բոլոր ռիսկերով: Դատական համակարգի բարեփոխումներն անհերքելի անհրաժեշտություն են, և կայացած դատարաններ ունենալը պետության հզորության առաջին առհահատչյան է թերևս բանակից հետո: Հանուն արդարության պետք է նշել, որ անկախության անցած 27 տարիներին անկախ դատական համակարգի ձևավորման համար բավարար քայլեր չեն ձեռնարկվել, և նախկին երեք նախագահները, նախաքննական ու հետաքննական մարմինները, գործադիր ու օրենսդիր մարմինները իրենց ունեցած լծակների սահմանում փորձել են ճնշումներ գործադրել դատարանների վրա, դրան գումարած նաև կոռուպցիայի և կաշառքի բարձր մակարդակը ստեղծել են մի վիճակ, երբ իրապես դատական համակարգը ունի վստահության խնդիր: Փաստ է նաև, որ այդ համակարգում ներկայումս աշխատում են բացառապես նախկին իշխանությունների կադրերը: Կոնկրետ դատավորի պաշտոնը մեծի մասամբ շնորհվել է նախկին նախագահների կողմից այս կամ այն ծառայության դիմաց և ոչ թե, օրինակ, զուտ մասնագիտական արժանիքների համար: Այսքանով հանդերձ, դատարանների ինստիտուցիոնալ առողջացման ճանապարհը նոր՝ ինչ-որ մարմինների ստեղծմամբ փոխարինելը ռիսկային է, առավել ևս, որ միջազգային փորձից, պատմությունից անցումային արդարադատության փայլուն օրինակներ կարծես թե հայտնի չեն, իսկ այս հանգամանքն այս դեպքում շատ կարևոր է:

Մասնագիտական շրջանկաներն արդեն արձագանքել են անցումային արդարադատության խնդրին և հայտնել իրենց մտահոգությունները: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մասնավորպես կարծիք է հայտնել, որ այստեղ կա սահմանադրական կարգի տապալման վտանգ. «Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն հաշվի առնի հետևյալը՝

– ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետևաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության նկատմամբ.
– ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք.
– ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և ԴԱՏԱԿԱՆ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա.
– Արդյոք երկրում առկա է այն ճգնաժամը, որն առաջացել է հանցագործությունների, զինված բախումների, կամ այլ անօրինական գործընթացների (այդ թվում՝ դատական իշխանության անօրինական գործողությունների) և մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների արդյունքում, և որը իշխանությունը չի կարողանում հաղթահարել այլ եղանակով:

Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով և առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով* նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ:

Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»,- ՖԲ էջում գրել է Արա Զոհրաբյանը:

Նկատենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հենց այն հոդվածն է, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբանների պալատի նախագահը շատ թափանցիկ ակնարկ է անում. Փաշինյանը ևս կարող է դատվել նույն հոդվածով: Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ դատարանների գործին չմիջամտելու մտադրությունից Հայաստանի թավշյա հեղափոխության վարչապետը կարծես թե նահանջում է, և անցումային արդարադատությունը կլինի դրա առաջին վկայությունը:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Նիկոլի առաջին նահանջը. նա ևս կարող է դատվել Քոչարյանի հոդվածով” հրապարակմանը

  1. Նիկոլի առшջին նшհանջը. նա ևս կшրող է դшտվել Քոչшրյանի հոդվшծով — Թեժ Լուրեր says:

    […] Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով և առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով* նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ: Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»,- ՖԲ էջում գրել է Արա Զոհրաբյանը: Նկատենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հենց այն հոդվածն է, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբանների պալատի նախագահը շատ թափանցիկ ակնարկ է անում. Փաշինյանը ևս կարող է դատվել նույն հոդվածով: Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ դատարանների գործին չմիջամտելու մտադրությունից Հայաստանի թավշյա հեղափոխության վարչապետը կարծես թե նահանջում է, և անցումային արդարադատությունը կլինի դրա առաջին վկայությունը: Հայկ Դավթյան Աղբյուրը՝ http://hayeli.am/article/1109459 […]