Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, նա ուզում է փոխել սահմանադրությունը

Aug 21, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, նա ուզում է փոխել սահմանադրությունը

Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատության մարմինների ստեղծման և սահմանադրական փոփոխությունների մասին, որը նորություն էր մինչ այժմ նրա կողմից առաջ քաշված մոտեցումների մեջ: Անցումային արդարադատության ինստիտուտ ստեղծելու խորհուրդը Փաշինյանին տվել է ՀԱԿ-ը: Նման ինստիտուտի ստեղծման պատճառաբանությունն այն է, որ դատական իշխանությունը երկրում չունի բավարար հանրային վստահություն: Ըստ էության, անցումային արդարադատության մարմինները կարող են ժամանակավոր փոխարինել դատական մարմիններին և օժտված լինեն մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու լիազորությամբ: Անցումային արդարադատության մարմինների հարցը հանրային լայն քննարկում է պահանջում, բայց սա միակ հետաքրքիր նորությունը չէր հրապարակում: Փաշինյանը նաև հայտարարեց, որ «ժողովրդի պահանջն է»՝ փոխել սահմանադրության որոշ դրույթներ, որոնք վերաբերում են վարչապետի հրաժարականի ու ընտրության կարգին: Զուգահեռաբար վարչապետն առաջ է քաշել նաև հանրաքվեի ինստիտուներիր ուժեղացման գաղափարը՝ հայտարարելով, թե ժողովուրդն է իշխանության տերը, իսկ կառավարությունը ձևավորվում է հրապարակում և ենթարկվում հրապարակին. «Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում, կառավարությանը լիազորենք կամ արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, և ժողովուրդը բազմաթիվ որոշումներ պիտի կայացնի հանրաքվեով: Առաջիկայում այնպիսի փոփոխություններ պետք է կայացվեն, որ կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունն ու ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով»,- ասել է Փաշինյանը:

Ըստ էության, անցումային արդարադատության մարմինների ստեղծումը և սահմանադրության որոշ դրույթների փոփոխությունը հենց այդ կարևոր որոշումներից են, որը պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով: Այս քայլերի հեռահար քաղաքական նպատակը, սակայն, սեփական իշխանության ամրապնդումն է, որովհետև գործադիրի պորտֆելներն ինքնին դեռևս չեն նշանակում ամբողջական իշխանություն. «Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ներկայիս սահմանադրական հնարավորություններով ես` որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի դեպքում, այլ երբ խորհրդարանը ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Այս փոփոխությունները կընդունի հենց ԱԺ-ն, և դա տեղի կունենա մի պարագայում, եթե ՀՀ քաղաքացիները դա ձևակերպեն որպես հստակ պահանջ, եթե դա ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն՝ ինքը որպես վարչապետ, հրաժարական չի ուզում տալ, փոխարենը ուզում է ստանալ սահմանադրական կարգավորում, որպեսզի դեֆակտո մնա վարչապետ, իսկ երկրում տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Գործող սահմանադրության մեջ նման կարգավորում չկա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջները շատ հստակ են սահմանված. վարչապետի հրաժարականը արտահերթ ընտրությունների համար պարտադիր պահանջ է: Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ հրաժարական տալ, փոխարենը մտադիր է փոխել սահմանադրությունը: Սա հրապարակում նրա հնչեցրած ամենալուրջ ուղերձն էր:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: