Պուտինին դուր գալու անսպառ ռեժիմում

Aug 21, 2018 Comments Off on Պուտինին դուր գալու անսպառ ռեժիմում

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայիս փուլում, սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ ամենաանհասկանալին ու անորոշն են այս փուլում: Սա գիտակցում է թե՛ Փաշինյանը, թե՛ քաղաքական այլ ուժերը: Բոլորի հույսը աջակցություն ստանալու հարցում ինչպես միշտ Պուտինն է: Դա ցույց տվեց նախօրեին թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ երեկ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել: Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց: Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն, այո′, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ», երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում՝ կրկին խոստանալով, որ հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է և զարգանալու է:

Ինչպես նաև նա շեշտեց, որ զարգացնելու են հարաբերությունները Եվրամիության հետ: «Բա ինչո՞ւ չեն ասում, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները վատ են: Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում այնտեղ նույնպես մենք որոշակի հարցեր ենք բարձրացրել»: Խիստ ուշագրավ էր, սակայն Փաշինյանի խոսքում հետևյալ հատվածը, երբ նա ասաց, թե իշխանություններն իրենց կեցվածքով այնպես են արել, որ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ այդ իշխանությունների նաև պասերով կապվել են Ռուսաստանի հետ: «Ինչո՞ւ է այդպես եղել, որովհետև ուզեցել են կոռումպացված իշխանություններն իրենց գործողությունների պատասխանատվությունը դուրս քցել, իբր այդ իրենք չեն մեղավոր, դրսում ինչ-որ ուժեր կան, որ իրենց թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Այստեղ է էությունը, և հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են՝ այ էս ձեր դեմ են անում, ձեր դեմ են կոռուպցիայի դեմ պայքարում: Իզուր մի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, որովհետև Մոսկվայում միամիտ մարդիկ չկամ…»: Սա հստակ ուղերձ էր Հայաստանում գործող այն ուժերին ու քաղաքական դեմքերին, ովքեր մշտապես ներկայացրել են իրենց ցանկացած քայլ այսպես՝ «Ռուսաստանին այդպես է ձեռնտու», «Ռուսաստանն» է այդպես ուզում, «իսկ Ռուսաստանն ինչպե՞ս կընկալի մեր այս, կամ այն քայլը»…

Սրա մեջ, իհարկե, կան ճշմարտության հատիկներ, երբ մինչև այսօր մեր բոլոր արատավոր քայլերը իշխանությունները «արդարացրել» են Ռուսաստանով: Բայց Փաշինյանն էլ իր նախորդներից Պուտինին դուր գալու հարցում, այսպես ասած՝ հետ չի մնում, դեռ ավելին, նույնիսկ ավելի մեծ ուժով է ցանկանում հասնել Պուտինի վստահությանն արժանանալ, որն, ի դեպ, նրան հեշտ չի տրվելու, կամ՝ եթե տրվի էլ որոշ չափաբաժնով՝ դեռ մեծ հարց է՝ ինչի՞ գնի դիմաց: Հիշեցնենք, որ Փաշինյանը դեռ վարչապետ էլ չէր, երբ հանրահավաքներում ցիտում էր ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովային, ապա նախանձելի հաճախականությամբ ռուսական մամուլին ու բլոգերներին տված հարցազրույցներում գովաբանում էր Պուտինին՝ որպես առաջնորդ և անհատ:

Ինչպես բոլոր իշխանությունները, այնպես էլ Փաշինյանը հստակ գիտի, որ առանց Ռուսաստանի վստահության Հայաստանի համար բարդ է լինելու՝ սոցիալ-տնտեսականից մինչև անվտանգության, սպառազինության խնդիրների լուծումը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: