Արցախի հարցում Փաշինյանն իրեն ապահովագրում է

Aug 21, 2018 Comments Off on Արցախի հարցում Փաշինյանն իրեն ապահովագրում է

Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում Հանրապետության հրապարակը հռչակեց որպես՝ «ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին»:

Որքան էլ վերջին շրջանում Հայաստանում իշխանափոխությունը ու Փաշինյանի վարչապետությունը փորձեցին կապել ԼՂ խնդրում վատթարագույն սցենարների հետ՝ այս դաշտն այն դաշտն է, որտեղ Փաշինյանն ամենապաշտպանվածն է: Նա նույնիսկ ի համեմատություն իր նախորդ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ի սկզբանե արդեն իսկ նա կոշտ դիրքորոշում դրեց Արցախի հարցում, հստակ հասկացնելով, որ վերջնական կարգավորման որոշումը Արցախի ժողովրդինն է, ինքը չի կարող Արցախի հասարակության անունից բանակցել, որոշումներ կայացնել, միայն՝ ՀՀ անունից կարող է դա անել, գնալ-բանակցել՝ խաղաղ բանակցություններում: Սա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ցանկացած նոր փոփոխություն ու առաջարկ նա նախ՝ Հայաստանի հասարակության, ապա Արցախի իշխանության ու հասարակության դատին է ներկայացնելու: Այսինքն, այլ կերպ ասած, նա հստակ հասկացնում է, որ ինքը «թուղթ ստորագրող», «տարածք հանձնող» չի:

«Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փատաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել՝ այ երկիր թալանածներ, այ բանակ թալանածներ, այ զինվորին թալանածներ, այ սերմացու գողացող մկներ… Ուզում եմ ասել հետևյալը. ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա», երեկ հանրահավաքում ասաց Փաշինյանը:

Սա ի դեպ, ոչ միայն Հայաստանի և Արցախի հասարակությանը, այլև՝ միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություններին, գուցե նախևառաջ Ռուսաստանին ուղղված մեսիջ էր, որ իրենից անհարկի զիջումներ չսպասեն, ավելին՝ հնարավոր ճնշումներ չբանեցնեն Հայաստանի ուղղությամբ: Եթե այդպիսի գործընթացներ ծավալվեն՝ հասարակության հետ կընդվզի: Այսինքն, ինչպես ներքաղաքական կյանքում իշխանությունն ամրացնելու ձգտումներում, այնպես էլ արցախյան հարցում Փաշինյանն արդեն իսկ իրեն ապահովագրել է: Դե իսկ Ադրբեջանին հղված նրա ուղերձը շատ հստակ էր. եթե Ալիևը շարունակելու է բանակցությունները տապալելու իր քաղաքականությունը և պատերազմի մասին է անվերջ խոսելու՝ ապա Հայաստանը պատրաստ է հակահարվածի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: