Թուրք վերլուծաբան. «ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալը ԵՄ-ի համար սարսափելի սցենար է»

Aug 18, 2018 Comments Off on Թուրք վերլուծաբան. «ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալը ԵՄ-ի համար սարսափելի սցենար է»

Եվրամիության հարցերով մասնագետ, ազգությամբ թուրք Ջեմ Բայդարոլն իր տեսակետներն է ներկայացրել Թուրքիա-Հունաստան, Թուրքիա-ԵՄ (Եվրամիություն), Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների առնչությամբ:

Հունաստանի և Թուրքիայի վերաբերյալ փորձագետ կարծիք է հայտնել, որ հույն զինվորականների ազատ արձակումը դրական ազդակ է հանդիսացել երկու երկրների փոխհարաբերությունների համար: Մինչ այդ թուրք-հունական հարաբերություններում Էգեյան ծովում տեղի ունեցող իրադարձություններով, գյուլենականների արտահանձման Թուրքիայի պահանջով, Կիպրոսում բնական գազի շուրջ ստեղծված անհամաձայնություններով ստեղծվել էր լարվածություն: Եվ ահա Թուրքիայում կալանավորված հույն զինվորականների ազատ արձակումից հետո հույն-թուրքական հարաբերություններում որոշակի փափկեցում նկատվեց: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն իր թվիթերյան էջում գրել էր. «Հույն սպաների ազատ արձակումը արդար մի քայլ էր, որը կնպաստի տարածաշրջանում բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների և կայունության ամրապնդմանը»:

Այդ հայտարարությանը հետևեց Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի պաշտոնական հրավերը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Այս ամենը թուրք վերլուծաբանը բացատրում է նրանով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներին ի պատասխան Թուրքիան նման գործելաոճով փորձում է ԵՄ հետ մերձեցման ուղերձներ հղել:

Նա նաև կարծում է, որ հնարավոր է որոշակի դրական քայլեր արվեն Մաքսային միության և վիզաների ուղղությամբ:

Ըստ Ջեմ Բայդարոլի՝ ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է հայտարարել ոչ միայն Թուրքիային, այլև Եվրամիությանը: Եվրոպական տարբեր երկրների ղեկավարներից Թուրքիային ուղղված զորակցական ուղերձները փաստում են այն մասին, որ Թուրքիան և ԵՄ-ն իրար տեսնում են միևնույն ճամբարում՝ ընդդեմ ԱՄՆ-ի:

Իսկ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հնարավոր սցենարը վերլուծաբանի գնահատմամբ ուղղակի սարսափելի սցենար կլինի Եվրամիության համար, ուստի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից, ըստ նրա, նոր փուլի մեկնարկի միտում կա:

  Ermenihaber.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: