Փաշինյանի ու Քոչարյանի «կռվի» միակ հասցեատերը

Aug 18, 2018 Comments Off on Փաշինյանի ու Քոչարյանի «կռվի» միակ հասցեատերը

Երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող գործնական թեմաների», ասվում է հաղորդագրությունում:

Փաշինյանին, այսօր հրավիրվելիք հանրահավաքից առաջ, այսպիսով, հաջողվել է կապ հաստատել Պուտինի հետ: Hayeli.am-ի աղբյուրների տեղեկություններով՝ վերջին օրերին նման փորձերն ապարդյուն են անցել, իսկ օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնիսկ Մոսկվա է այցելել, սակայն երկու օր այնտեղ անցկացնելուց հետո նրան չի ընդունել ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Փաստորեն, Քոչարյանի ազատ արձակումից հետո Ռուսաստանի հետ կապը վերականգնել է: Սակայն Փաշինյանի համար բարդությունները դեռ պահպանվում են: Հազիվ թե Ռուսաստանի հարաբերություններում լիակատար մեղմացում արձանագրվի մոտ ապագայում: Փաշինյանը դեռ բավական ջանքեր պետք է գործադրի, որպեսզի հասնի Ռուսաստանի իշխանության կողմից մինիմալ վստահության:

Ու ոչ միայն Փաշինյանը…

Երեկ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական մեսիջն ուղղված էր Ռուսաստանին՝ Հայաստանում ընդդիմության աջակցության առումով Կրեմլի վստահությանն արժանանալու առումով: Նա՝ ցույց տալով Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու Փաշինյանի վարած քաղաքականությունը, հստակ հասկացրեց Մոսկվային, թե ում վրա Հայաստանում «խաղադրուք» դնեն: Բայց Կրեմլում էլ միամիտներ չկան: Ինչ-ինչ, բայց Պուտինն էլ հաշվարկներ անելիս աշխատում է չսխալվել: Մոսկվան գուցե մի որոշ ժամանակ հետևի Քոչարյանի շուրջ հնարավոր մոբիլիզացիային: Բայց պարզ է, որ այդ մոբիլիզացիան հնամաշ ՀՀԿ-ով ու ՀՅԴ-ով հաջողության չի հասնելու:

Կրեմլում գիտակցել են, որ հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ Ռուսաստանի հանդեպ Հայաստանի հասարակության մոտ վստահության մակարդակը գրեթե զրոյի է հասել: Այդ վստահությունը չեն կարող բարձրացնել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ Քոչարյանի հետ: Պետք են նոր դեմքեր, որոնք կարող են վերականգնել հայ-ռուսական հարաբերություններում վստահությունը: Դրան պետք է ձգտի հասնել թե՛ Փաշինյանը, թե՛ Քոչարյանը: Փաշինյանն ամեն ինչ արեց, որ այդ Կրեմլում վստահությունն իր իշխանության նկատմամբ ավելի ու ավելի նվազի, իսկ Քոչարյանի հույսը Ռուսաստանի հետ հարաբերություններում Փաշինյանի ձախողման վրա Կրեմլից աջակցություն ստանալն է: Այս առումով, հետևաբար, Փաշինյանի այսօրվա հանրահավաքի ինտրիգը ևս կապված է Ռուսաստանի հետ՝ Պուտինի վստահությանն արժանանալու տեսանկյունից: Իսկ Քոչարյանի համար, թերևս, ցանկալի կլիներ, եթե Փաշինյանն այսօր իրեն հռչակեր հակահեղափոխական ալիքի առաջնորդ: Բայց արդյո՞ք դա կանի Փաշինյանը, արդյոք Փաշինյանը չի՞ հաշվարկել Քոչարյանի այդ ձգտումը… Եթե Փաշինյանն այդպես էլ վարվի՝ Քոչարյանին հակահեղափոխության հիմնական ֆիգուր մատնանշի՝ ուրեմն, նրան ձեռնտու է ունենալ ի դեմս Քոչարյանի՝ ընդդիմադիր ուժ: Փաշինյանը հնարավորություն կստանա տևական ժամանակ հասարակությանը զբաղեցնել Քոչարյանի գործած «հանցանքները» հատ-հատ ջրի երես բերելով:

Ինչն ի դեպ, ձեռնտու սցենար է նաև Սերժ Սարգսյանի համար, որը իշխանությունը կորցնելուց հետո կարծես թաքնվել է, ու եթե առճակատման են դուրս գալիս Քոչարյանը, Սերժ Սարգսյանն էլ որոշակի պահից հնարավորություն կստանա հանրության առջև դուրս գալ արդեն սեփական քաղաքական ամբիցիաներով:

Ինչևէ, թեժ ամառը հիմքեր դրեց քաղաքական ուշագրավ սցենարների գործարկման ապագայում: Հայաստանյան ներքաղաքական կյանքն ավելի ու ավելի է հետաքրքրանում:

Թամար Բագրատունի

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: