Ինչ ծուղակ գցեց Քոչարյանը՝ Փաշինյանին

Aug 21, 2018 1 Comment

«Անպայման բողոքարկելու են, փորձելու են ինձ կրկին բանտ տանել, ստանալու է քաղբանտարկյալ այն իշխանությունը, որն ասում է` ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Ես պատրաստ եմ պայքարել՝ լինելով թեկուզ բանտում, թե ազատության մեջ», երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նա չբացառեց, որ իր բնութագրմամբ՝ ճնշումների շնորհիվ հայտնվի մեկուսարանում, բայց վստահություն հայտնեց, որ այս գործն այս վիճակով Եվրոպական դատարանում զրոյական շանս ունի չբեկանվելու. «Պարտադիր բեկանվելու է, և ասեմ, որ սա լուրջ թեստ է մեր դատական համակարգի համար: Արդյոք սկսելու է սոցցանցերի տրամադրությա՞մբ շարժվել, թե՞ օրենքով: Մինչդեռ այս տրամադրությունների դեմ միայն դատական համակարգը կարող է կանգնել: Դրա համար է ճնշում գործադրվում փաստաբաններիս վրա, նաև դատարանների վրա, դա ոչ միայն հեռախոսային զանգն է, այլ տրամադրությունները, որ ձևավորվում է հասարակության մեջ»:

Մարտի 1-ի մասով՝ վերջին 10 տարիներին Քոչարյանի ուղղությամբ քննադատությունների պակաս չի զգացվեց: Ասվել, գրվել է ամեն ինչ: Եղել է 10 զոհ, սա պարզ է բոլորին, բայց 10 տարի է, պարզ չի՝ ովքե՞ր են կրակել և ում հրամանով: Որքան էլ տարօրինակ հնչի՝ Քոչարյանը երեկ իր հարցազրույցով հակաքայլ արեց մարտիմեկյան տասնամյա մեղադրանքներին՝ ուղղակի մատնացույց անելով ՀՔԾ-ի փակ գործունեությունը:

Մարտի 1-ն իսկապես այն գործն է, որը պետք է թափանցիկ ու բաց լինի: Թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի շահերից է բխում այս գործի բաց հետաքննությունը: Նիկոլ Փաշինյանն այս հարցում, եթե կուզեք՝ պետք է ականջալուր լինի Քոչարյանի հորդորին և բացի այդ գործի քննությունը: Դրանից կշահի նաև իր իշխանությունը:

Ինչ կա՞ թաքցնելու այդ գործում: Տասը մարդու սպանությունների գործը՝ չի կարող թաքցվել հասարակությունից՝ անկախ հանգամանքներից: Ոչ միայն Մարտի 1-ի գործով, այլև Քոչարյանին ուղղված ապօրինի հարստացման մասին տեղեկությունները, եթե ունեն հիմքեր՝ նույնպես պետք է բացահայտվեն: Խոսակցությունը պետք է լինեն առարկայական, կոնկրետ՝ փաստերով: Այլևս այս կամ այն երկրի մամուլի հրապարակումների հիման վրա տեղեկություններով հասարակությանը սնել չարժե: Երեկ Ռոբերտ Քոչարյանն «անհեթեթ» որակեց մամուլում շրջանառվող տեղեկություններն իրեն վերագրվող 4 միլիարդ դոլար կարողության մասին։ «Թերթերում տպում էին, ինչ-որ խոսակցություններ կար միլիարդների մասին։ Առաջինը՝ քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը պետք է մտածի, որ 2.5 միլիարդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 միլիարդ ունեցվածք ունեցող ընդհանրապես մարդ լինի։ Եվ այդ մեղադրանքները, այդ ենթադրությունները այնքան էին անհեթեթ, որ երկու-երեք անգամ հերքելուց հետո ուղղակի որոշել եմ ուշադրություն չդարձնել, որովհետև տեսնում ես, որ անիմաստ է։ Աբսուրդի հավատացող մարդուն դժվար է ինչ-որ բանի մեջ համոզել», ասաց նա։ Քոչարյանն ուղղակի ասաց. «Կապ չունեմ որևէ այդ բանկերի հետ: Դիմում եմ ԿԲ –ին հրապարակել՝ ովքեր են այդ բանկի տերերը: Ասում են, թե օդանավակայանի հիսուն տոկոսն իմն է, բայց կապ չունեմ ընդհանրապես»: Հիմա Քոչարյանը Փաշինյանին փաստերով խոսելու դաշտ է տեղափոխել: Փաշինյանը կամ պետք է Քոչարյանի վերաբերյալ ունեցած բոլոր փաստերը, տեղեկությունները, ապացույցները հրապարակայնացնի, կամ լռությամբ ժամանակի ընթացքում Քոչարյանն ավտոմատ կերպով անմեղություն է ձեռք բերելու:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ինչ ծուղակ գցեց Քոչարյանը՝ Փաշինյանին” հրապարակմանը