Էդ տուշոնկան լրիվ սարքած էր. Վոլոդյա Հովհաննիսյանը` Մանվել Գրիգորյանի գործի մասին
«Նա ոչնչացրեց երկրապահը, եկեղեցին»,- «Հայելի» մամուլի ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա մասին հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը :
«Թավշյա հեղափոխությունը ազգը բաժանեց երկու մասի;Նրանք, ովքեր չեն մտածում նիկոլյան սկզբունքներով՝ հակահեղափոխականներ են դիտարկվում:Ռոբերտ Քոչարյանին զրկում են խոսքի ազատությունից: Ես չեմ գտնում, որ հիսուն մարդ, որոնք պայքարում են ինչ- որ բաների համար իրավունք ունեին ոտնահարելու սահմանադրությունը»,-հայտարարեց նա:
Վոլոդյա Հովհաննիսյանը դեմ չէ որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները բացահայտվեն, բայց, ասում է, ինքն ամբողջական արդարության բացահայտման կողմնակից է: Իսկ դրա համար պիտի մեղադրվեն նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, իբրեւ այդ ժամանակ ընդդիմադիր առաջնորդներ: Նա կարծում է, որ ընդդիմության առաջնորդներն էլ մեղավորություն են ունեցել կատարվածի համար, քանի որ անհանդուրժողականության կոչեր են արել, փորձել են երկրապահին ներգրավել քաղաքական գործընթացների մեջ: Խոսելով օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասին էլ, Վոլոդյա Հովհաննիսյանն ասում է, որ վարչապետը պետք է նախ հաշվետու լինի Ազգային ժողովին, հետո «հրապարակ հավաքի»: Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է պետական ռեսուրսները: Ասում է, որ արդեն իսկ կան մարդիկ, որոնք պատրաստ են կտրուկ քայլերի, բայց իրենք երդվել են` «զենք չենք բարձրացնի»: Վոլոդյա Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին, ԱԱԾ-ի հայտնի տեսանյութին: Ինքը մի բանում վստահ է`վաղ թե ուշ պարզվելու է, որ Մանվել Գրիգորյանն անմեղ է. «էդ տուշոնկան լրիվ սարքած էր»: