Մարտի 1-ի և կաթողիկոսի առնչությունները

Aug 19, 2018 Comments Off on Մարտի 1-ի և կաթողիկոսի առնչությունները

Ռոբերտ Քոչարյանը Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված հետաքրքիր բացահայտում արեց, որը դեպքերի ընդհանուր խրոնոլոգիայից կարծես թե դուրս էր մնացել կամ էլ թերևս բավարար ուշադրության չէր արժանացել:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր չէր արդյոք չգնալ արտակարգ ռեժիմ մտցնելու քայլին և լարվածությունը թոթափելու ինչ-որ լուծում գտնել, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նման փորձ արվել է: Ըստ նրա՝ Գարեգին Բ կաթողիկոսը փորձել է հանդիպել և բանակցել ընդդիմության այն ժամանակվա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն Տեր-Պետրոսյնը չի ընդունել կաթողիկոսին:

Հատկանշական է, որ այս մասին Քոչարյանից բացի որևէ մեկը՝ ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ Վեհափառը երբևէ չեն բարձրաձայնել: Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա նա այս պատմությունն առաջին անգամ հրապարակավ պատմել է դեռևս 2008 թվականի մարտի 5-ին, երբ դեռ պաշտոնապես հրաժեշտ չէր տվել ՀՀ նախագահի պաշտոնին և երկրում հայտարարված էր արտակարգ դրություն: 2008 թվականի մարտի 5-ի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը բառացիորեն ասել էր հետևյալը. «Վեհափառ Հայրապետն ինձ զանգահարեց, երբ իրադարձություններն արդեն վտանգավոր փուլում էին եւ ասաց, որ նա շատ մտահոգված է ու Լեւոն Տեր-Պետրոսայնի հետ հանդիպելու ցանկություն ունի եւ հարցրեց իմ կարծիքը: Ես ասացի, որ մենք կողջունենք այդ քայլը, թեեւ թերահավատորեն ենք վերաբերվում, որ դա կարող է բերել որեւէ արդյունքի: Այնուամենայնիվ, հանդիպման գաղափարը ողջունելի է, նույնիսկ եթե կա մի քանի տոկոս հավանականություն, որ ինչ որ բան կստացվի: Հետո պարզվեց, որ Վեհափառը գնացել է, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել նրան: Ինձ համար սա ապշելու հանգամանք է, քանի որ չեմ պատկերացնում, որ աշխարհի որեւէ կետում, որեւէ հայ կարող է Վեհափառին դռան շեմից ետ ուղարկել: Տպավորությունն այնպիսին էր, որ նրան թվացել է, թե ինքն այդ պահին ձիու վրա է, թե իրավիճակն այնպես է զարգանում, որ իշխանությունները խուճապի մեջ են: Հավանական է, որ նա մտածել է, թե ես եմ խնդրել Վեհափառին, բայց ես չեմ խնդրել` դա նրա նախաձեռնությունն էր, եւ Վեհափառի այդ ցանկությունն ընկալել է որպես իշխանությունների խուճապի մատնվածության նշան եւ այդ պարագայում, իհարկե, հանդիպումն իրեն ձեռնտու չի համարել: Թեեւ իրավիճակն այդպիսին չէր, քանի որ մենք լրացուցիչ ուժեր էինք բերում եւ կարգ ու կանոն հաստատելը ժամանակի հարց էր: Վեհափառի հետ չհանդիպելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը կորցրեց այս իրավիճակից, սեփական երեսը փրկելով, դուրս գալու հնարավորությունը»:

Հավելենք նաև, որ Մարտի 1-ի դեպքերի հետ Գարեգին Բ-ի առնչությունների մասին ժամանակին հրապարկում էր եղել նաև «Վիկիլիքսը»՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի շուրջ հրապարակած փաստաթղթերի շարքում:

Պետդեպին ուղարկված հաղորդման մեջ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ներկայացնելով  կաթոողիկոսի հետ 2008թ. նոյեմբերի 3-ին կայացած հանդիպման մանրամասները նշել է, որ հանդիպումն եղել է իր առաջարկով: Կողմերը քննարկել են Հայաստանի քաղաքական դրությունը, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակն ու եկեղեցու կեցվածքը: Փաստաթղթում ներառված են ոչ միայն կաթողիկոսի ուշագրավ մտքերը, այլեւ ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունները:

Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ կաթողիկոսը Մարի Յովանովիչին մանրամասնորեն ներկայացրել է Մարտի մեկի դեպքերի շուրջ իր մոտեցումները եւ հետընտրական իրադարձությունների ժամանակ եկեղեցու դերակատարությունը: Կաթողիկոսը պատմել է, թե իբր Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից մեկը իրեն խնդրել է լինել «պատմության մեջ հերոսական կաթողիկոսների շարքում եւ աջակցել ընդդիմությանը»: Կաթողիկոսն իր հերթին այդ խնդրանքի պատասխանել է՝ ասելով, որ թեպետ ինքը հասկանում է, որ Տեր-Պետրոսյանը կարիք ունի պահել սեփական ձայները, բայց «այս երկիրը հեղափոխության կարիք չունի»:  Կաթողիկոսի պնդմամբ՝ ինքը քանիցս փորձել է Մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ անձամբ հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան համոզել, որ կառավարի իր աջակիցներին, բայց չի ստացվել:Գարեգին 2-րդը հավատամք է հայտնել, որ ընդդիմությունը փորձել է իրեն ներքաշել քաղաքականության մեջ, որպեսզի եկեղեցին քննադատի իշխանությունների գործողությունները:

Հետաքրքիր է՝ նախաքննական մարմինը, հիմք ընդունելով Ռոբերտ Քոչարյանի այս երկու հայտարարությունները, ինչպես նաև «Վիկիլիքսի» վերոնշյալ հրապարակումը  կհրավիրի՞ կաթողիկոսին հարցաքննության  :

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: