Քոչարյանի միլիարդները Նիկոլին են սպասում
Տապալված մամուլի ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ամենաստացված հատվածը թերևս տնտեսական քաղաքականության վերաբերյալ դիտարկումներն էին:
Քոչարյանը հայտարարում է, որ նոր կառավարության օրոք պարզապես չկա տնտեսական քաղաքականություն. «Ես չեմ հանդիպել որևէ փաստաթղթի, որից կարելի է եզրակացնել, թե ինչ է ուզում անել կառավարությունը տնտեսական ոլորտում: Կա կարգախոս պայքար կոռուպցիայի դեմ, ինչը շատ լավ է, բայց դա տնտեսական քաղաքականություն չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը միայն բռնելը, դիմակներով մտնելն ու ուժ ցուցադրելը չէ»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը և անդրադառնալով բացահայտումներին՝ հարց է ուղղել. «Քանի՞ գործ կա 50% խլելու վերաբերյալ. որոշ ժամանակ անց մարդիկ հարցնելու են՝ ու՞ր են Սաշիկի 50%-ները»: Քոչարյանի դիտարկմամբ՝ ժողովուրդը սկսել է ավելի վատ ապրել, ամեն ինչ կրկնակի թանկացել է: Երկրորդ նախագահը կարծում է, որ ներդրումներ չեն լինելու, մինչև ներդրողները չհասկանան, թե ինչպիսի տնտեսական քաղաքականություն է իրականացվելու երկրում:
Նա նաև հայտարարել է, որ իր իշխանության օրոք մենաշնորհներ չեն եղել. 16-17 ընկերություն վառելիք է ներմուծել, 20 ընկերություն բանան է ներմուծել, իսկ գազն ու էներգետիկան եղել են բնական մենաշնորհներ: Քոչարյանը հիշատակել է նաև իր իշխանության ընթացքում արձանագրված երկնիշ տնտեսական աճին և շեշտել, որ հնարավոր չէր 10%-ից ավելի աճ գրանցել, եթե չլիներ մրցակցություն և լինեին մենաշնորհներ: Քոչարյանի ասածի մեջ անշուշտ կա ճշմարտություն, սակայն մասամբ: Այսպես կոչված, Սաշիկի 50 տոկոսների հարցը կամ բացառապես ԱԱԾ-ի հատուկ գործողություններով տնտեսության զարգացում ապահովելը, իհարկե իրատեսական չէ: Քոչարյանն իրավացի է նաև, երբ ասում է, թե կառավարությունը չունի հստակ տնտեսական կուրս: Որքան էլ որ այս կառավարությունը ժամանակավոր է և իր առջև երկու հիմնական խնդիր է դրել՝ ապահովել պետական մեքենայի անխափան աշխատանքը և իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միևնույնն է՝ կառավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի տնեսության զարգացման ուղղությամբ: Այստեղ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի խոշոր բաց, և կյանքը ցույց է տալիս, որ ի սկզբանե հայտարարված 0 տոկոս կոռուպցիան շատ քիչ է ներդրումներ բերելու և աշխատատեղեր ստեղծելու համար:
Բայց, երբ Քոչարյանը հավատացնում է, թե իր օրոք տնտեսական մենաշնորհներ չեն եղել, մեղմ ասած, անհավատալի է, որովհետև, օրինակ, բոլորիս քաջ հայտնի շաքարավազի մենաշնորհը ձևավորվել է իր իշխանության տարիներին: Նույն վառելիքի շուկայում այն ժամանակ գերիշխող դիրք ուներ Քոչարյանի սիրելի գործարար Միխայիլ Բաղդասարովը, ով ավիակերոսինի միակ ներկրողն էր: Օրինակներ թերևս կարելի է էլի գտնել: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այն ապահովվել է առավելապես շինարարության շնորհիվ, որն այն տարիներին տնտեսության ընդհանուր կառուցվածքի մեջ ամենամեծ ծավալն էր կազմում:
Հետաքրքիր էին հատկապես Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները սեփական կարողության վերաբերյալ: Նա առաջարկեց այսօրվա կառավարությանը ստուգել իրեն վերագրվող ապրօրինի հարստությունները և հրապարակել դրանք: Քոչարյանի խոսքով՝ ինքը տեղեկություն ունի, որ այժմ իշխանությունը փորձում է ստուգումներ անել իր անվան հետ կապվող տարբեր ընկերություններում և խորը հիասթափություն ապրում, քանի որ իրենց պատկերացրած թելերը չեն կարողանում գտնել: Քոչարյանը նաև պնդում է, որ երբևէ փայամաս չի ունեցել Քաջարանի կոմբինատում, օդանավակայանում և հայաստանյան հայտնի բանկերում: Եղավ նաև հավաստիացում, որ ինքը չունի 4 մլրդ դոլար կարողություն, և այն, ինչ գրվում կամ խոսվում է հանրային տարբեր հարթակներում, երևակայության արդյունք է: Գնդակն այժմ կառավարության և իրավապահների դաշտում է. կա՛մ ցույց տվեք միլիարդները, կա՛մ այլևս մի շահարկեք այդ թեման:
Հայկ Դավթյան