Փաշինյանը սրում է իրավիճակը Մոսկվայի հետ

Aug 19, 2018 1 Comment

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, ինչպես նաև վերջինիս ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների մատչելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանն առնչվող թեմաների:

Այս հաղորդագրությանը կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե մեկ այլ տեղեկություն չհայտնվեր հայաստանյան մամուլում: Երեկ hraparak.am-ը մի խիստ ուշագրավ տեղեկություն հայտնեց: Ըստ կայքի՝ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և իրականացրել գործողություն․ խուզարկություն են արել, փնտրել և առգրավել են փաստաթղթեր, ինչը խիստ վրդովվեցրել է ոչ միայն երկաթուղու ղեկավարությանը, այլև ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։

«Երկաթգծի ադմինիստրացիան զարմացած է՝ եթե ինչ-որ փաստաթղթեր ստանալու կարիք ուներ ՀՀ իշխանությունը, կարող էին դիմել, իրենք պատրաստ էին տրամադրել՝ առանց մասկի-շոու իրականացնելու։ Մեզ ասացին, որ քիչ անց ՀԿԵ-ն կամ հայտարարություն կտարածի, կամ կարձագանքի վերոնշյալ դեպքին», գրել էր կայքը։ Այնուհետև հայտնել էին, թե իրենց ձեռքում է հայտնվել Հարավկովկասյան երկաթուղու հայտարարության նախագիծը, որտեղ Հայաստանի հարկային մարմինների գործողությունները` օգոստոսի 14-15-ի գիշերը, գնահատվել են որպես՝ «ոչ բարեկամական և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ավանդույթները խախտող»։

Ըստ կայքի տեղեկությունների՝ խուզարկությունը կատարվել է հարկեր չվճարելու մեղադրանքի շրջանակներում, որը կազմում է 9.7մլն դրամ՝ ԱԱՀ։ «Պարզվում է՝ ՀԿԵ-ն քրեական գործի հարուցման մասին որոշումը չի ստացել, իսկ խուզարկության որոշումը տարվել է օգոստոսի 14-ին՝ ժամը 22։00-ին։ Խուզարկությունը կատարվել է 00։00-ից մինչև 8։30։ ՀԿԵ-ն նաև արձանագրել է, որ խուզարկությունը կատարվել է Հայաստանի օրենսդրության խախտումներով՝ ընթերականները անձը հաստատող փաստաթղթեր չեն ունեցել, խուզարկության են ենթարկվել նաև աշխատակիցների անձնական իրերը, և «հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով գործողությանը մասնակցել է նաև «սպեցնազը»»։ Ըստ կայքի՝ ՀԿԵ-ն պատրաստվում է գրավոր բողոք ներկայացնել ՀՀ իշխանություններին։

Ըստ ամենայնի՝ երեկ Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հենց այս հարցն է քննարկել, թեև հաղորդագրության մեջ այդ մասին ակնարկ չկա:

Եթե իրականությանը համապատասխանում են hraparak.am-ի տեղեկությունները, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը շարունակում է «կրակի հետ խաղալ»՝ հայ-ռուսական հարաբերություններում:

Իհարկե, ռուսաստանյան ընկերությունում, և ոչ միայն այդտեղ՝ կոռուպցիոն դրսևորումները զարմանալի չեն, և օրենքի շրջանակներում դրանց աշխատանքն ապահովելը, հարկեր վճարելը՝ խիստ ցանկալի է:

Սակայն այստեղ այլ խնդիր է առաջ գալիս. ինչու՞ է Փաշինյանն ընտրում ամենակոշտ ձևը ռուսների հետ հարաբերվելու հարցում: Նա պատասխանո՞ւմ է Ռուսաստանից Հայաստանի իշխանության հասցեին քննադատությանը… Թե՞ ընտելացնում-ադապտացնում է Ռուսաստանի իշխանություններին հայաստանյան նոր իրականությանը:

Իսկ դրա հետևանքները Փաշինյանը հաշվարկե՞լ է…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Փաշինյանը սրում է իրավիճակը Մոսկվայի հետ” հրապարակմանը

  1. Delea says:

    Թամար Բագրատունին դեռ չի պատկերցնում թե որտեղ է աշխատւմ եվ ինչ մասնագիություն ունի:Օգնելու կարգով փորձենք, կարճ այն ներկայացնել:Կրկնվելու դեպքում իրավաբանների միությունն կզբաղվի ձեզանով:
    Հայաստանում ներքաղաքական լարվածությունը դեռ շարունակվում է:Լրագրողները նաեվ մեր իրավաբաններն են իսկ դա նշանակում է, նախ գրիչն ձեռքը վերցնելը սովորեք ՀՀ օրենսգիրքը եվ սահմնադրությունն:

    Նրանք ովքեր կխուսափեն ՀՀ օրենքով սահմնված հարկեր չվճարելուց,լինի դա ռուսական թե ամերիկական, ՀՀ տարածքում գործող բոլոր հիմնարկւթյունները պարտավոր են ենթարկվելու ՀՀ գործող օրենքներին: Իսկ այդ գողական ռազբորկեքն (իբր թե «ոչ բարեկամական և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ավանդույթները խախտող» դուք ինքներտ ձեր մեջ կանեք: Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները չի ասում թե քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին ուրեմն դուք «ցարի բոգն էք» եվ ՀՀ կաող էք հարկ չվճարել:
    Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները հիմա ավելի լավ են քան երբեք այդ դուք էք անտեղյակ քանի որ կատարում էք «Ռոբի եվ Սերժի»պատվերներն փողով:

    Ինչպիսի լրագրողներ ունենք,ՀՀ օրենք սովորեք ոչ թե «Ռոբի եվ Սերժի» թալանչիական իշխանությունն է դա այլ,ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ժողովրդավարական պետությունն է եվ ըստ ՀՀ սահմանադրոթյան, օրենքի առաջ բոլորն են հավասար լինի դա Հայ,Ռուս թե հնդիկ կամ էլ ասենք լրագրող:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն