Ինչքա՞ն կծախսի Նիկոլը

Aug 16, 2018 1 Comment

2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով ս.թ. հոկտեմբերի 6-13-ն ընկած ժամանակաշրջանի համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ: Այս հարցը ներառված է կառավարության օգաստոսի 16-ի նիստի օրակարգում:Ամրագրումներն արվել են դեռևս 2017թ. նոյեմբերին, և եղել է նախնական պայմանավորվածություն հյուրանոցների հետ պայմանագրեր կնքելու և կանխավճարներ փոխանցելու վերաբերյալ: Ավելի ուշ որոշվել է, որ ամրագրված հյուրանոցները կնախատեսվեն այն հյուրերի համար, ովքեր պատրաստ են վճարելու իրենց կեցության ծախսերը:
Խնդիրը քննարկվել է հյուրանոցների հետ, և արդյունքում առաջացել է հյուրանոցների հետ պայմանագիր կնքելու և 25% կանխավճար կատարելու անհրաժեշտություն` արված ամրագրումները մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը պահելու նպատակով:

Համաձայն ձեռք բերված նոր պայմանավորվածության` ՀՀ ԱԳՆ-ն չեղարկելու է հոկտեմբերի 1-ի դրությամբ հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը արդեն ամրագրված սենյակների համար հետ է վերադարձվելու պետական բյուջե: Ըստ կառավարության հիմնավորման՝ ստեղծված իրավիճակում հյուրանոցների հետ պայմանագրերի կնքումը և 25% կանխավճարների փոխանցումը միակ երաշխիքն է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի մասնակից հյուրերի կեցությունը հավուր պատշաճի ապահովելու համար: Նշենք, որ Ֆրանկոֆոնիյաի գագաթաժողովին ակնկալվում է հյուրերի մեծ հոսք Երևան: Նախատեսվում է, որ գագաթաժողովին կմասնակցի շուրջ 50 երկրի նախարար և բազմաթիվ այլ հյուրեր: Մեր տեղեկություններով՝ հոկտեմբերի առաջին կեսի համար երևանյան առաջատար հյուրանոցներում ազատ տեղեր գրեթե չկան և ֆրանկոֆոնիայի հյուրերի համար սենյակներ գտնելը շատ դժվար է: Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Ֆրանկոֆոնիայի 34-րդ գագաթաժողովի անցկացումը համընկնում է Երեւանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին, որի ընթացքում ևս մեծաթիվ հյուրեր են սպասվում, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից և այլն:

Այդ նպատակով անգամ տոնակատարության օրը տեղափոխեցին. ավանդաբար Երևանի օրը նշվում է հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը, սակայն այս տարի որոշվել է հոբելյանը նշել սեպտեմբերի 29-ին և 30-ին: Բայց անգամ այս տեղափոխմամբ հյուրանոցների սղության հարցը չի լուծվում, և հնարավոր է, որ ամրագրվեն նաև Երևանից դուրս, օրինակ՝ Ծաղկաձորի հյուրանոցները:

Թե ինչքան գումար է ծախսվելու Ֆրանկոֆոնիայի 34-րդ գագաթաժողովի և Երևանի 2800-ամյակի տոնակատարության ժամանակ, պաշտոնապես չի ասվել: Այս միջոցառումները նախանշված էին դեռևս նախորդ իշխանության օրոք, և  դրանց տրվում էր պետական նշանակություն: Ստեղծվել է անգամ պետական հատուկ հանձնաժողով՝ կազմակերպչական հարցերի և նախապատրաստական աշխատանքների համար: Դրա կազմում էին Երևանի քաղաքապետը, ոստիկանապետը, մի շարք նախարարներ, գլխավորում էր վարչապետը: Այս պահին հանձնաժողովի նախկին կազմն ամբողջությամբ փոխված է: Դժվար է ասել՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կառաջնորդվի նախկինների՞ ծրագրով, թե սեփական շտկումներն ու խմբագրումները կանի: Ամենակարևորն, իհարկե, միջոցառումների բյուջեն է: Նախկինները նման առիթների համար գումարներ միշտ գտնում էին, հաճախ արվում էին նաև անտրամաբանական ծախսեր: Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանի թիմը պատրա՞ստ է այդ ծախսերին, թե՞  գերադասում է համեստ բյուջեով առաջնորդվել:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ինչքա՞ն կծախսի Նիկոլը” հրապարակմանը