Քոչարյանը չի փրկի

Aug 19, 2018 1 Comment

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Ազատության հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ Հրանտ Մարգարյանի՝ հատուկ Քոչարյանի հետ գործակցության մտադրություն և օրակարգ չունեն, բայց պատրաստ են գործակցել բոլորի հետ, այդ թվում նաև Քոչարյանի հետ:

Հրանտ Մարգարյանը շատ դիպուկ է բնորոշել ՀՅԴ-ի վերջին վերջին տարիների կուրսը՝ բոլորի հետ համագործակցել: Ընդամենը 5 ամիս առաջ ՀՅԴ-ն համագործակցում էր Սերժ Սարգսյանի հետ, այժմ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ, մոտ ապագայում էլ կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ: Բոլորի հետ համագործակցել վաղուց արդեն դաշնակցական ավանդույթի է վերածվել՝ նրանք միշտ համգործակցում են, միայն թե համագործակցող կա: Մի կարճ շրջան անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ էին համագործակցում՝ քաղաքական եռյակի ձևաչափով: Անկախ հանգամանքից, որ թվարկված գործիչներն ու ուժերը միմյանց հետո գաղափարի կամ գործելաոճի ընդհանրություններ առանձնապես չունեն, դաշնակցականները միշտ հաջողացնում են բոլորի հետ համագործակցել՝ ՀՅԴ-ի ավանդական մահ կամ ազատություն գաղափարը համադրելով բոլոր տեսակի գաղափարների հետ: Եվ նույն ճկունությամբ էլ հրաժարվում են համագործակցությունից, եթե դրա անհրաժեշտությունը կա: Հին ընկերները, անկախ նրանից՝ գնում են համագործակցության, թե դուրս են գալիս համագործակցությունից, համապատասխան հիմնավորումներ միշտ էլ կարողանում են գտնել. մի դեպքում հայտարարում են, թե միանում են ժողովրդին, մյուս դեպքում, թե իրենք հանուն պետականության և իշխանության մաս են կազմում, մյուս դեպքում էլ… կարևոր չէ:

Վերջին տարիներին ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ամուր հովանու տակ պատսպարված ՀՅԴ-ն Հայաստանի քաղաքական համակարգում վաղուց վերածվել է ավել ուտող բերանի, որին կերակրելը ոչ մեկին ձեռնտու չէ: Նրա միակ արժանիքը ՀՅԴ-ի պատմական առաքելությունն է, որը ժամանակին Քոչարյանը որպես ժառանգություն փոխանցեց Սերժ Սարգսյանին: Բոլորը հասկանում են, որ ՀՅԴ-ի հետ համագործակցել նշանակում է հոգ տանել, որ նրանք հաղթահարեն Ազգային ժողովի անցողիկ շեմը: Ներկա ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակում այդ բեռն իհարկե լավագույնս կարող էր ստանձնել Նիկոլ Փաշինյանը, բայց նա կարծես թե նման մտադրություն չունի և ՀՅԴ-ին ԱԺ մանդատներ նվիրելու խոստում չի պատրաստվում տալ: Նա այս մասին հրապարակավ հայտարարեց Տավուշում՝ ասելով, որ յուրաքանչյուրը պատասխանատու է իր քայլերի համար: Իրականում Նիկոլի ինչի՞ն է պետք ՀՅԴ-ն. հին ընկերները առաջինը լքեցին ՀՀԿ-ի խորտակվող նավը, պարզից էլ պարզ է, որ առանց աչք թերթելու՝ դավաճանելու են նաև իրեն: Քոչարյանի հետ համագործակցելն այս դեպքում անշուշտ կարող է փրկության պես մի բան լինել՝ խաղից դուրս չմնալու համար: Բայց Քոչարյանի հանրային վստահության աստիճանն առանձնապես հուսադրող չէ. նա ինքն էլ այս պահին աջակցության և համագործակցության կարիք ունի: Ամեն դեպքում՝ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ մյուս լիդերների ճարահատյալ փնտրտուքը ցավալիորեն փաստում է, որ հին ընկերները քաղում են իրենց ցանած անհեռանկար քաղաքական սերմերի պտուղները: ՀՅԴ-ն՝ որպես սոցիալիստական ազգային-գաղափարական ուժ, հանրային խնդիրներին հետամուտ լինելու սկզբունքայնություն այդպես էլ չցուցաբերեց՝ փոխարենը գերադասելով ստանալ իշխանական կերամանի սեփական բաժինը: Եվ այսօր պատմական կուսակցությունը կանգնած է ողբերգական ջրբաժանի շեմին. ՀՅԴ-ն պետք է գնա ներքին հեղափոխության և սկսի առողջ սերնդափոխություն: Ասել, թե նոր Հայաստանի քաղաքական ներկապնակում ՀՅԴ-ն տեղ չունի՝ հատկապես ազգային և արժեքային մարտահրավերների տեսանկյունից իհարկե ճիշտ չի լինի: Բայց պետք է արձանագրել, որ այսօրվա ՀՅԴ-ն այլևս ժամանակավրեպ է. Քոչարյանի հետ համագործակցությունը փրկություն չէ:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Քոչարյանը չի փրկի” հրապարակմանը