Նախկին իշխանությունների հանցագործ պարագլուխները պետք է կալանավորվեն

Aug 15, 2018 Comments Off on Նախկին իշխանությունների հանցագործ պարագլուխները պետք է կալանավորվեն

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման պաշտոնական հայտարարությունը.

Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումով և վերջինի կողմից քաղաքական վերադարձի հայտի բացահայտ դրսևորումով` քրեաօլիգարխիկ և գաղութային ուժերը համաժողովրդական շարժման հաղթանակից հետո փորձում են կատարել ռեվանշի իրենց առաջին լուրջ քայլերը:

Ստեղծված իրավիճակը արդյունք է խնդիրներին բացառապես իրավական լուծումներ տալու մոտեցմանը, մինչդեռ ներկա անցումային փուլը պահանջում է իրավաքաղաքական լուծումներ: Ռեվանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար անհրաժեշտ է.

Ժողովրդի կողմից` գործադիր իշխանության որոշակի ժամկետով արտակարգ լիազորություններով օժտում: Այդ լիազորություններով օժտված, գործադիր իշխանության կողմից`

Մինչև արտահերթ ընտրությունների կայացումը` սահմանադրության և օրենսդրության որոշակի հոդվածների առկախում

Գործող Ազգային Ժողովի լուծարում:

Նախկին իշխանությունների հանցագործ պարագլուխների կալանավորում:

Անցումային արդարադատության դատարանի ձևավորում և հանցագործներին դատելու գործընթացի ձեռնարկում:

Արտահերթ ընտրությունների կազմակերպում և կայացում:

Նշված քայլերը ոչ միայն հակաժողովրդավարական չեն, այլ ժողովրդավարական կարգերի կայացման միակ երաշխիքն են: Բռնատիրության տապալումից մինչև լիարժեք ժողովրդավարական համակարգի ձևավորում և կայացում անխուսափելիորեն առաջանում է անցումային փուլի անհրաժեշտություն, որ ենթադրում է անցումային ժողովրդավարության և դրան զուգակցող անցումային արդարադատության կիրառում:

Անցումային ժողովրդավարությունն ու արդարադատությունը ենթադրում են, որ օրվա քաղաքական իշխանությունները, օժտված ժողովրդի կողմից իրենց տրված լիազորությամբ և առաջնորդվելով իրավունքի գերակայության սկզբունքով, առկախում են ուժի մեջ գտնվող սահմանադրության և օրենստրության որոշ հոդվածներ, որոնք տվյալ պայմաններում արգելակում են նույնինքն ժողովրդի գերիշխանության սկզբնային իրավունքը և սահմանադրականության էությունը:

Անցումային ժողովրդավարության ու անցումային արդարադատության նպատակն այլ բան չէ, քան` կարճ ժամանակում հաստատել ժողովրդի օտարված գերիշխանությունը և սահմանադրականությունը: Այս փուլում առանցքային խնդիրներին անհրաժեշտ է տալ իրավաքաղաքական լուծումներ:

Լուծումները չեն կարող լինել բացառապես իրավական, որովհետև պետական ինստիտուտները դեռևս ձերբազատված չեն նախկին համակարգի արատներից: Ժամանակակից եզրաբանությամբ` դատաիրավական համակարգը կոչված է լինել պետությունն ու հասարակությունը «վիրուսային ծրագրերից ապահովող հակավիրուսային համակարգ»: Մեր դեպքում սակայն, «հակավիրուսային համակարգն» ինքը «գերվարակված է ամենավտանգավոր վիրուսներով»: Լուծումները չեն կարող լինել նաև բացառապես քաղաքական, որովհետև դա կարող է հանգեցնել կամայականության և ամենաթողության: Օգոստոսի 17-ի համաժողովրդական հավաքը պետք է լինի վերև նշված իրավաքաղաքական քայլերին ընթացք տալու գործընթացի սկիզբը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Սասնա Ծռեր խմբավորում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: