Փաշինյանի առաջին օպերացիան

Aug 16, 2018 1 Comment

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն, իրականում նրա հայտարարած «թավշյա հեղափոխության» սկիզբը կարելի է համարել: Այն, ինչ կատարվել է մինչև հիմա՝ իրականում հեղափոխության հիմքեր դնելու փորձեր էին ընդամենը:

Նախ` անդրադառնանք օգոստոսի 17-ի հանրահավաքի արտաքին քաղաքական նշանակությանը: Այս հանրահավաքի հրավիրման լուրը Փաշինյանն ազդարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից մեկ օր անց, երբ նա քննադատեց Փաշինյանի կառավարությանը՝ մեղադրելով ինչի-ինչ խոստումներ խախտելու մեջ:

Փաշինյանը Ռուսաստանին այս հանրահավաքով ցույց է տալու, որ շարունակում է վայելել հասարակության վստահությունը: Նա գիտակցում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցելը բարդ է, այն էլ Քոչարյանի և Խաչատուրովի կալանավորումներից հետո Ռուսաստանի արձագանքից ու բացահայտ առճակատումից հետո: Նա ամեն գնով փորձում էր գոնե հրապարակային ցույց տալ, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ է գնում, սակայն նրա քաղաքականությունն այս առումով տապալվեց:

Հրապարակ հանելով Քոչարյանի և Խաչատուրովի «գործերը»՝ Փաշինյանն բաց առճակատման դաշտ բացեց Մոսկվայի հետ, հիմա նրա իշխանությունը դեռ երկար կարող է ենթարկվել ստորացումների Ռուսաստանի կողմից: Սա քաջ գիտակցում է Փաշինյանը, ուստի ստիպված է ցույց տալ իր թիկունքում ժողովրդին:

Փաշինյանը օրերս ֆեյսբուքյան եթերում հատուկ շեշտեց, որ Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն և Հայաստանում գոյություն չունի որևէ ուժ որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. «Հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը, ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում»։

Սրանք պատահական խոսքեր չէին: Այս ուղերձի հասցեատերերը թե՛ Ռուսաստանում են, թե՛ Հայաստանում:

Քոչարյանի ազատ արձակումից հետո դատավորի, Քոչարյանի կադրի ուղղությամբ «արդարացումներն», իրականում, ոչ այլ ինչ էին, եթե ոչ Ռուսաստանի զայրույթը մեղմելը թաքցնելու հանճարեղ քայլ: Միայն միամիտները խայծը կուլ տվեցին ու հավատացին Հայաստանի դատական համակարգի ինքնուրույնությանն ու դատավորի ինքնագործունեությանը: Իրականում Փաշինյանը չէր կարող Քոչարյանի ու Խաչատուրովի հարցում հետքայլ չանել, դրա հետևանքները շատ ավելի ծանր կլինեին:

Օգոստոսի 17-ի հանրահավաքի ներքին քաղաքական բաղադրիչն, իհարկե, իշխանության լիակատար ամրապնդումն է: Փաշինյանը Քոչարյանով այժմ ՀՀԿ-ին իրեն հակադրվող, ընդդիմադիր ուժ է մատնացույց անելու՝ նրանց ներկայացնելով որպես հակահեղափոխական ուժ, Հայաստանի զարգացմանը խոչընդոտող հիմանական ուժ:

Բայց Փաշինյանը երկար ժամանակ չունի: Մի քանի ամիս նրան, թերևս, կհաջողվի զբաղեցնել հասարակությանը ներքաղաքական դաշտում ամրանալու ուղղությամբ հնարավոր ընդդիմադիր ուժերի դեմ հուժկու պայքարի բազմազան սցենարներով, սակայն գալու է մի պահ, որ հասարակությունը պահանջելու է կոնկրետ արդյունքներ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում կենսամակարդակի բարձրացում:

Հետևաբար, հասարակությունից «թավշյա հեղափոխությունից» սպասելիքների առումով Փաշինյանի հաշվարկներն առայժմ այս պահի գործոնով են աշխատում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Փաշինյանի առաջին օպերացիան” հրապարակմանը