Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը գրեթե պատրաստ է

Aug 15, 2018 Comments Off on Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը գրեթե պատրաստ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը գրեթե պատրաստ է։ Բարեփոխումների կառավարական հանձնաժողովը վերջին աշխատանքներն է կատարում, եւ մոտ օրերս այն արդեն կհրապարակվի, կներկայացվի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի դատին։ Հայեցակարգը պատրաստելուց հետո հանձնաժողովը կանցնի արդեն բուն նախագծի պատրաստման աշխատանքներին։ Հանձնաժողովի ԿԸՀ-ական անդամ Նունե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք վերջացրել են նախագծի հայեցակարգի վերաբերյալ իրենց աշխատանքները։ «Երեկ հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային փոստով ներկայացվել են քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխությունների առաջարկները։

Կառավարական հանձնաժողովն ունի եւս երեք ենթահանձնաժողովներ, որոնցից մեկը քրեականն է։ Նրանց առաջարկներն ենք ստացել, որոնք դրվել են շրջանառության մեջ»,- ասաց Նունե Հովհաննիսյանը։

Հայեցակարգում, ըստ Հովհաննիսյանի, ընդգրկվել են խորհրդարանական ուժերի կողմից ներկայացված այն առաջարկները, որոնք ընդունվել են կառավարության կողմից, եւ այն հարցերը, որոնց շուրջ կառավարությունն ունի արդեն իր ինքնուրույն տեսակետը։ Կառավարության ձեւավորած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք միաժամանակ արագացրել են աշխատանքները քրեական եւ վարչական օրենսգրքերում փոփոխությունների մասով։ Այսինքն՝ այն, ինչի մասին վերեւում նշեց Նունե Հովհաննիսյանը։

Դրա նպատակը, ըստ Իոաննիսյանի, այն է, որ ուզում են այդ փոփոխությունները հասցնել մինչեւ սեպտեմբերի սկիզբ, ԱԺ առաջիկա նստաշրջանում ընդունել, որպեսզի կիրառեն Երեւանի ավագանու ընտրություններում։ Իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: