Քոչարյանի՝ տապալված ասուլիսից «տուժածները»

Aug 15, 2018 Comments Off on Քոչարյանի՝ տապալված ասուլիսից «տուժածները»

Վստահաբար կարելի է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի տապալումը հեղափոխությանը որևէ օգուտ  չտվեց, թերևս հակառակը՝ լրջորեն վնասեց, որովհետև ստեղծվեց տպավորություն, թե նոր Հայաստանում այլակարծություն չի հանդուրժվում:

Դժվար է ասել՝ ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցներն այս նրբությունը հասկացել են թե ոչ, սակայն ասուլիսի տապալումն ուղղակի հարված էր խոսքի ազատությանը:  Լրագրողներն իրավունք ունեն հարցեր տալ ու ստանալ պատասխաններ. առաջին հերթին ոտնահարվեց մեր գործընկերների այդ իրավունքը: Մարդիկ, ովքեր չէին ուզում լսել Քոչարյանին, կարող էին պարզապես չլսել կամ չկարդալ: Կարող էին նաև որևէ ակցիա անել անել, անգամ ասուլիսի ընթացքում ինչ-որ ցուցանակներով մտնել դահլիճ և մի քանի րոպե անց հեռանալ: Նման նախադեպեր, ի դեպ, եղել են: Բայց այդ բոլորը չպետք է խոչընդոտեր լրագրողների՝ Քոչարյանին հարցեր տալու և պատասխաններ ստանալու հնարավորությունը:

Արդյո՞ք մի խումբ ակտիվիստները, ովքեր հիմնականում աչքի են ընկել նաև հեղափոխության քայլարշավի օրերին և ըստ այդմ ասոցացվում են հեղափոխության առանձին առաջնորդների հետ, իրավունք ունեն հանդես գալ ողջ հանրության անունից և որոշել, որ նախկին նախագահի կամ ընդհանրապես որևէ մեկի ասելիքը հետաքրքիր չէ հանրությանը: Գուցե կան մարդիկ, ովքեր ուզում են լսել Քոչարյանի պարզաբանումները Մարտի 1-ի, նրա կողմից տիրապետվող ֆինանսական ռեսուրսների, Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ժամանակին ունեցած պայմանավորվածությունների և բազմաթիվ այլ հարցերի մասին: Այդ կարգի բաց ֆորմատով ասուլիսը այն բացառիկ ձևաչափն էր, որը հնարավորություն էր տալիս բոլոր լրագրողներին՝ հանգիստ ուղղել իրենց հարցերը մի մարդու, ով նախկինում բաց երկխոսության երբեք չի գնացել: Եվ ուրեմն ո՞րն էր իմաստը հանրությանը և ԶԼՄ-ներին զրկել այդ հնարավորությունից: Առավել ևս դեռևս մեղադրյալի կարգավիճակում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները անպայման կունենային ապացուցողական նշանակություն և դրանք հետագայում կարող էին նաև օգտագործվել իրավապահ մարմինների կողմից: Բացի այդ, զուտ մասնագիտական տեսանկյունից, լրագրողներիս պարտքն է լսել բոլոր կողմերին:

Ինչ վերաբերում է կոնկրետ երկրորդ նախագահին, ում դեմ կարծես թե ուղղված էր ակցիան, նա որևէ վնաս չկրեց: Հակառակը՝ Քոչարյանն ակամայից քաղհալածյալի կարգավիճակ է ստանում, ինչը նրա՝ քաղաքականություն վերադարձի համար ստեղծում է բարենպաստ պայմաններ: Ռոբերտ Քոչարյանը վստահաբար իր ասելիքը հրապարակելու բազմաթիվ այլ տարբերակներ ունի և կօգտվի դրանցից որևէ մեկից: Բայց ինչպիսի ձևաչափ էլ որ ընտրվի, այն չի կարող փոխարինել ասուլիսին, որովհետև ասուլիսում հնչում են տարատեսակ անսպասելի և սուր հարցեր, այն եթեր է արձակվում ուղիղ հեռարձակմամբ, և խմբագրումների տարբերակը բացառվում է: Հետևաբար չստացված ասուլիսից առաջինը տուժել է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը և լրագրողները, ովքեր զրկվել են բանախոսին անմիջական հարցեր ուղղելու հնարավորությունից:

Իսկ ընդհանրապես, ժողովրդավարության կարևոր սկզբունքը խոսքի ազատությունն ու բազմակարծությունն են: Խոսքի ազատությունն այն չէ, երբ դու լսում ես միայն այն մարդկանց կարծիքը, ում համակրում կամ շատ ես սիրում: Խոսքի ազատությունն ու բազմակարծությունն այն է, երբ դու լսում ու հարգում ես բոլորի, այդ թվում նաև նրանց կարծիքը, ում համարում ես հակառակորդ, մրցակից և նույնիսկ թշնամի:

 

 Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: