«Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել». Ալեքսանդր Ազարյան

Aug 14, 2018 Comments Off on «Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել». Ալեքսանդր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի   թղթակցի հետ զրույցում ՀՔԾ-ի հայտարարությունները շատ բացասական է գնահատել:

«Իմ համոզմամբ` անթույլատրելի է նման հայտարարություններ անել՝ առանց որոշմանը ծանոթ լինելու, առանց տեղեկանալու, թե ինչ պատճառաբանություններ են տեղ գտել որոշման մեջ: Կարծում եմ՝ նաև նման արտահայտություններով որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին», – ասաց Ալեքսանդր Ազարյանը:

Նրա գնահատմամբ՝ պրոֆեսիոնալ իրավաբանն ուղղակի իրավունք չունի նման արտահայտություն անել: Միևնույն ժամանակ նա չբացառեց նաև, որ նման գնահատականներով ենթադրյալ ճնշման փորձ է կատարվում:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Ա.Ազարյանը Քոչարյանի նախագահության տարիներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ, դատավորն ասաց. «Ես որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել այդ գործը քննելու առումով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել, նույնիսկ տարբեր մասնաշենքերում ենք աշխատել՝ Քոչարյանը՝ իր նստավայրում, ես՝ ակադեմիայի գրադարանի շենքում»:

Դատավորը նաև հայտնեց, որ կալանքի բողոքի քննության նիստի ժամանակ այդ մասին բացահայտ հայտարարել է կողմերին՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու ժամանակ, սակայն ինքնաբացարկի միջնորդություն իրեն չի ներկայացվել. «Տարակուսանք է առաջացնում այն, որ նշված հարցը բարձրացվում է Հատուկ քննչական ծառայության կողմից հիմա, այսինքն՝ իրենց համար ոչ բարենպաստ որոշում է հրապարակելուց հետո»:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը երեկ՝ օգոստոսրի 13-ին, բավարարել է երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: Հատուկ քննչական ծառայությունն ավելի ուշ հայտարարել է, որ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, եւ հույս հայտնել, որ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք կներկայացնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: