«Դոլարը գետնին, լիրան գրպանում». Անկարայի բնակիչները դոլարներ են ցուցադրաբար պատռել (տեսանյութ)

Aug 14, 2018 Comments Off on «Դոլարը գետնին, լիրան գրպանում». Անկարայի բնակիչները դոլարներ են ցուցադրաբար պատռել (տեսանյութ)

Անկարայի բնակիչներն իրականացրել են ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական լիրայի:

Արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տեր կանգնիր երկրիդ, դոլարն ու ոսկին փոխանակիր» կոչին՝ Անկարայի բնակիչները հավաքվել են Անկարայի Ուլուս թաղամասում և բողոքի ակցիա իրականացրել ամերիկյան դոլարի դեմ: Ակցիայի կարգախոսն է` «Դոլարը գետնին, լիրան գրպանում»: Ցույցը կազմակերպել ու գլխավորել են «Անկարային ծառայողների կազմակերպության» ղեկավար Հիլմի Յամանը և կազմակերպության այլ անդամներ:

Հավաքվածներից ոմանք ցուցադրաբար պատռել և գետնին են նետել իրենց մոտ եղած դոլարը, ոմանք էլ դոլարն ու ոսկին փոխանակել են թուրքական լիրայով: Մասնակիցներն իրենց հավատարմությունն են հայտնել նախագահ Էրդողանին՝ նշելով, որ իրենց հայրենիքից գնալու տեղ չունեն և պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին, որպեսզի չվերածվեն Սիրիայի պես երկրի:

Դոլարի պատռման ակցիան ուղեկցվում էր նաև «Անիծյալ լինի Ամերիկան»բացականչություններով:

Բացի Անկարայից այլ քաղաքներում ևս միջոցառումներ են իրականացվում: Թուրքիայի տարբեր քաղաքներում տարադրամի փոխանակման կետերի առջև մեծ հերթեր են գոյացել:

Թուրքական մամուլի տվյալներով՝ միայն Ստամբուլում մոտ 300 գործարար արդեն 3 միլիոն դոլար վերածել է թուրքական լիրայի և այս միտումը շարունակվում է Էրդողանի աջակիցների շրջանում:

ermenihaber.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: