Կառավարությունում այսօր իմ ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է. Շահեն Հարությունյան

Aug 14, 2018 Comments Off on Կառավարությունում այսօր իմ ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է. Շահեն Հարությունյան

«Կառավարությունում այսօր իմ ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է:  Այս ընթացքում սպասում էի եւ հուսով էի, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, սակայն կան քաղբանտարկյալներ, ովքեր շարունակում են կալանավորված մնալ:  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգեր չեն լինելու դատական համակարգին, ոչ մեկ զանգով չի կալանավորվելու կամ ազատ արձակվելու, ինչը ճիշտ է: Սակայն պետք է գոնե արդարացման գործընթաց սկսվի, քանի որ հայրս հայտարարել է, որ միայն արդարացման դեպքում դուրս կգա բանտից։ Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը պետք է բացառվի, տեղ չունենա»,-Հայելի ակումբում   ասուլիսի ժամանակ հայտարարեց  Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ այսօր լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը:

«Մենք  այս պահին քայլեր չենք ձեռնարկի, բողոքի ակցիաներ չենք անցկացնի, սակայն եթե այս հարցը չլուծվի, մենք  պայքարի ուղիներ կմտածենք և այդ մասին կհայտարարենք:Նա ներման դիմում չի գրելու, համաներում չի խնդրելու, չի կատարել հանցագործություններ, նա քաղբանտարկյալ է ճանաչվել երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց նա:

Շահեն Հարությունյանը նշեց, որ իր հորը առաջարկել են բաց ռեժիմի անցում, ինչը խափանման միջոցի փոփոխություն չի համարվում:

Շանթ Հարությունյանի որդին հավելեց, որ Կառավարությունում այսօր իր ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է:

«Շանթ Հարությունյանը, որպես քաղբանտարկյալ, բանտում է, նա այնտեղ սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, նրանք խոսելու շատ բան ունեին, ցավոք, այդ խոսակցությունը տեղի չունեցավ: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ»,- ասաց Շահենը:

Նա ասաց, որ երկրում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, նաեւ արժեքների հեղափոխություն է տեղի ուենենալու:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: