Ռոբերտ Քոչարյանի հետ շատերն են աշխատել, եւ դա խոչընդոտ չի, որ պարտականությունները չկատարեն. Գլխավոր դատախազություն

Aug 14, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանի հետ շատերն են աշխատել, եւ դա խոչընդոտ չի, որ պարտականությունները չկատարեն. Գլխավոր դատախազություն

Դեռեւս Վերաքննիչ դատարանի որոշումը չենք ստացել, մեկ–երկու օրվա ընթացքում որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք, եւ այդ որոշման մեջ նշված հարցերի հետ կապված համահունչ բողոք կտանենք։ Այդ մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը, պատասխանելով ակտիվիստների հարցերին, ովքեր «Էրեբունի պլազա»–ում երկրորդ նախագահի ասուլիսը տապալելուց հետո բողոցի ակցիա կազմակերպեցին Գլխավոր դատախազության մոտ։

Մուրադյանն ասաց, որ Գլխավոր դատախազության դիրքորոշումը Վերաքննիչ դատարանում հայտնել են, որ երբ որ կստանան որոշումը, որոշման համահունչ բողոք կտանեն։

Հարցին, արդյոք Գլխավոր դատախազությունը ներկայացրել է բացարկ դատավորին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, Մուրադյանն ասաց, որ բացարկի միջնորդություն չի ներկայացվել. «Մենք դատարանում ունեցել ենք մեր ներկայացուցիչը, այդ բացարկի հարցը քննարկվել է եւ մենք բացարկի միջնորդություն չենք ներկայացրել։ Եթե բացարկի միջնորդություն չենք ներկայացրել, ուրեմն համարել ենք, որ դրա հիմքը չկա»։

Ըստ Մուրադյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ մարդիկ են աշխատել, եւ դա չի նշանակում, որ դա պետք է խոչընդոտ հանդիսանա, որ իրենց պարտականությունները կատարեն։

Հարցին, որ ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդել գործի ընթացքի վրա, Մուրադյանն ասաց. «Ձեր հացրի պատասխանը մենք մեր դիրքորոշմամբ հայտնել ենք, եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քննչական մարմինը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել եւ հետ չի վերցրել, դա նշանակում է , որ այդտեղ եղել են հարգելի հիմքեր։

Նշենք, որ Գլխավոր դատախազության մոտից ակցիայի մասնակիցները գնացին շարունակելու ակցիան Արդարադատության նախարարության մոտ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: