ՀՀԿ-ական պատգամավորի եղբոր տրամադրությունը եթե վատ եղավ 1 մլն հարկ կպահանջի Արտաշատի առևտրականներից, եթե լավ՝ 200 հազար

Aug 14, 2018 Comments Off on ՀՀԿ-ական պատգամավորի եղբոր տրամադրությունը եթե վատ եղավ 1 մլն հարկ կպահանջի Արտաշատի առևտրականներից, եթե լավ՝ 200 հազար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Արտաշատի խանութները չեն բացվել. մի խումբ առևտրականներ փակել են խանութները և բողոքի ակցիա անցկացրել: Նրանք հավաքվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մասնաճյուղի դիմաց, պահանջել են հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը:

Ի դեպ, Ռաշիդ Մախմուդյանը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրն է: Արտաշատի առևտրականների պատմելով` նրանք արդեն երկու տարի է, ինչ այս վիճակում են: «Մենք այլևս ի վիճակի չենք հանդուրժել: Իրենց ՀԴՄ-ի իտոգը չի հետաքրքրում, ասում են` ամեն ամսվա վերջ բերեք այսքան կամ այնքան մուծեք: Նայած տրամադրության` եթե տրամադրությունը լավ չլինի, ասում են` 1 մլն կմուծես, եթե լավ լինի` 200 հազար դրամ:

Ամեն ամսվա վերջին հարկային տեսուչները զանգահարում են ու ասում են` այսքան կտանեք, կմուծեք: Անկախ նրանից` առևտուր ունեցել ենք, թե ոչ: Հանձնաժողով են կազմում, 13 հոգով մտնում են խանութները ու առանց ակցիզի ապրանք են ման գալիս: Խանութում կարող է լինել 300 հազար դրամի ապրանք, բայց ինքը 500 հազար դրամի է տուգանում»,- ներկայացրեցին առևտրականները:

Նրանց խոսքերով` շատերի մոտ անգամ հասունացել է «Մախմուդյանին ծեծելու ցանկությունը»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող առևտրականներին հանդիպել է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով նրանց առաջարկել է խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ և փորձել լուծումներ գտնել: «Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք, տեսնենք` մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցել են, թե ոչ:

Եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- առևտրականներին խոստացել է ՊԵԿ նախագահը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: