Ալիևի մեծ հույսը Նախիջևանում՝ հայ-ռուսական բախումից

Aug 15, 2018 Comments Off on Ալիևի մեծ հույսը Նախիջևանում՝ հայ-ռուսական բախումից

«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ», երեկ նման տեղեկություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նախիջևանում օգոստոսի 12–ի լույս 13–ի գիշերը տեղի ունեցած զարգացումները ստիպում են լուրջ մտահոգություններ ունենալ: Անկայուն, եթե չասենք պայթյունավտանգ իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին զուգորդվում է ռուսական կողմից մտահոգիչ մեկնաբանությունների ֆոնին: Հիշեցնենք օրեր առաջ «Независимое военное обозрение» պարբերականի հոդվածագրի «առաջարկը», թե «գուցե պետք է ավելի պարզ վարվել՝ վարկով չվաճառել ժամանակակից սպառազինություն, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով»:

Ռուսական կողմը հիշեցնում է, որ Երևանը երկար տարիներ ոչ միայն արտոնյալ պայմաններով ռուսական զենք է ստացել, այլ նաև ստացել է քաղաքական աջակցություն և տնտեսական արտոնություններ:

«Ռուսաստանից զենքի մատակարարումները կարող են կանգնեցնել հակամարտության աճը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը բերելով մոտավոր հավասարության: Բայց բոլորին չէ, որ դուր է գալիս Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսպես, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի «Համաշխարհային վտանգների գնահատականը» զեկույցում նշվում է, որ երկու կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից 2018 թվականին նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- ասվում էր հոդվածում:

Ու այստեղ էլ մեզ «երեսով են տալիս», թե՝ «գուցե պետք է ավելի պարզ վարվել՝ վարկով չվաճառել ժամանակակից սպառազինություն, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով, այլ այն մատակարարել իրական գումարի դիմաց, և այդ ժամանակ ամեն ինչ ազնիվ կլինի և առանց վիրավորանքի»:

Հայաստանի իշխանությունների քայլերը, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ մեղադրանքի առաջադրումը և հայ-ռուսական պայմանագրերի մի քանի կետերի վերանայման մասին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը, փաստում են հայ-ռուսական հարաբերություններում բավական անորոշ փուլի մասին:

Ու, եթե այս ֆոնին գումարենք Նախիջևանի ուղղությամբ անկայունությունը, պարզ է, որ մի փոքր կայծը կարող է իրավիճակն անվերահսկելի դարձնել:

Փաստացի, նախօրեին ադրբեջանական կողմը որոշակի սադրանքներ է իրականացրել Նախիջևանի հյուսիսային հատվածում, եղել են կրակոցներ, որոնք սաստվել, կանխվել են՝ հայկական կողմից կրակ արձակելով: Չի բացառվում, որ ադրբեջանական կողմն ունի կորուստներ, ինչի մասին երեկ հայտնել են ադրբեջանական գործակալությունները: «Մենք հերթական անգամ նախազգուշացնում ենք, որ նախահարձակ չենք լինելու, բայց երբեք անպատասխան և անպատիժ չենք թողնելու ոչ մի գործողություն», երեկ նշել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակը:

Ըստ փորձագետների՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի ակտիվացումները պայմանավորված են համաշխարհային քաղաքական զարգացումներով. Ալիևը փորձում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների և մյուս կողմից՝ Ռուսաստան-ԱՄՆ լարվածության ֆոնին հիշեցնել իր մասին և գուցե գաղտնի հույսեր ունի, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի մերձեցման ֆոնին հնարավոր է Հայաստանը դառնա մեծ միջազգային խաղերի զոհ:

Ընդ որում, թերևս, չպետք է զուգադիպություն համարել այն, որ հենց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարում արձանագրվեց: Կարծես, Բաքուն էլ իր հերթին շեշտում է Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերություններում խնդիրների առկայությունը:

Ու այստեղ ուշագրավ հարց է առաջ գալիս. ենթադրենք, Ադրբեջանի կողմից նախիջևանյան հատվածում Հայաստանը լուրջ խնդիրների առջև է կանգ առնում, ինչպիսի՞ն կլինի ՀԱՊԿ-ի արձագանքը, որպես անդամ պետության նկատմամբ կատարված գործողություններին ի պատասխան…

Մանավանդ այսօրվա մթնոլորտում, վստահաբար լավ բան սպասել չարժե:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: