Նիկոլի քայլն ու Քոչարյանի վերադարձը

Aug 14, 2018 Comments Off on Նիկոլի քայլն ու Քոչարյանի վերադարձը

Կալանքից ազատ արձակվելու հենց հաջորդ օրը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տալու: Պետք է նկատել, որ նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Ռոբերտ Քոչարյանը երբևէ մամուլի ասուլիս չի ունեցել: Որպես կանոն, նա իր ասելիքը տեղ է հասցրել իր կայքի կամ առանձին հարցազրույցների միջոցով և այդպիսով մշտապես հանրությանը ներկայացրել է իր համար նախընտրելի ու ցանկալի տեղեկատվություն: Ասուլիս տալու Քոչարյանի այս անգամվա նախաձեռնությունը թերևս վկայում է, որ նա որոշել է վերցնել իրեն նետված ձեռնոցը, և չի բացառվում, որ մտադիր է քաղաքական հայտարարություններ անել:

Նրա վերջին հարցազրույցը տեղի ունեցավ կալանքից մեկ օր առաջ՝ Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ, որի ընթացքում Քոչարյանը հայտարարեց, որ ինքը 10 տարի շարունակ չի զաբաղվել քաղաքականությամբ, և այժմ քաղաքականությունը զբաղվում է իրենով: Թերևս կալանավայրում գտնվելու օրերին նա վերանայել է իր՝ քաղաքականությամբ զբաղվելու մոտեցումները և հասկացել, որ քաղաքականությամբ չզբաղվելն այլևս վտանգում է իրեն: Քոչարյանը խնդիր ունի մաքրվելու, խնդիր ունի իր անկում ապրած խայտառակ վարկանիշը վերականգնելու և դրա համար ստիպված է վերադառնալ մեծ քաղաքականություն:

Քոչարյանի համար սա ինչ-որ տեղ պարտադրված վերադարձ է, որովհետև դրա այլընտրանքը բանտն է: Հիմա արդեն Քոչարյանը ակամայից հռչակվել է հակահեղափոխության առաջնորդ և իր շուրջն է համախմբելու նախկին իշխանական ուժերից ՀՀԿ-ին, հավանական է, որ նա կստանա նաև ՀՅԴ-ի աջակցությունը: Թեև ԲՀԿ-ն ֆորմալ առումով չեզոքություն է պահպանել ու չի խառնվել Քոչարյանի կալանքի շուրջ բարձրացված հանրային աղմուկին, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ պահից սկսած՝ ԲՀԿ-ի ու Քոչարյանի շահերը խաչվելու են: Հովիկ Աբրահամյանի եղբորը կալանքի վերցնելն ու Մարտի 1-ի գործով փաստացի պատկանող տարածքից զենքեր հայտնաբերլը այդ շղթայի մի օղակն են:

Բայց քաղաքական հարթության մեջ խնդիրն ավելի լայն է՝ Ռոբերտ Քոչարյանը խնդիր ունի Մարտի 1-ի գործով պայքարել ոչ միայն դատարանում, այլ նաև քաղաքական հարթակներում: Նրա ճակատին այդ խարանը դաջված է, և այժմ նրա քաղաքական խնդիրը այդ խարանը ջնջելն է, որն, անշուշտ, հեշտ գործ չէ, եթե չասենք՝ անհնար է: Բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և ամեն ինչ կախված է նրանից, թե մինչ այժմ չհրապարակված ինչ փաստեր կարող է հրապարակել Քոչարյանը: Նրա կալանավորման հաջորդ օրը գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, այսպես կոչված, Բերիայի մասին, որին պետք է գտնել ու պատժել: Գուցե Քոչարյանը պատրաստվում է հրապարակել Մարտի 1-ի պատմության Բերիայի անունը: Ամեն դեպքում, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կարողացավ 10 տարի անընդմեջ Քոչարյանին թույլ չտալ, որ վերադառնա քաղաքականություն և ստիպել, որ նա համակերպվի երիտասարդ թոշակառուի կարգավիճակին: Նիկոլ Փաշինյանի քայլը, սակայն, նրան վերադարձրեց քաղաքականություն:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: