Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը․ Փաշինյան

Aug 11, 2018 Comments Off on Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանը լինի ոչ թե Սինգապուրի կամ Իսրայելի նման, այլ օրինակ դառնա հենց այդ երկրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նոյեմբերյան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը պատասխանելով Նյու Յորքից ժամանած հայուհու հարցին, թե իրենք ինչով կարող են օգնել Հայաստանին՝ դիմագրավելու առկա մարտահրավերները, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամենակարևոր բանը այսօրվա Հայաստանի իրողությունների մասին տեղեկացնելն է աշխարհին՝ մարդկանց ու առաջին հերթին հայությանը, նրանց քաջալերելը, որ գան Հայաստան ու ներդրումներ կատարեն։ Հայաստանի ու Սփյուռքի միջև կապն ավանդաբար եղել է օգնություն տվողի ու սպառողի հարաբերություն։ Հիմա եկել է ուրիշ շրջան. սփյուռքի մեր գործարարները իրենց գործընկերների հետ պետք է մտածեն Հայաստանում ներդրումներ կատարելու, աշխատատեղեր բացելու մասին»։ Վարչապետը վստահեցրեց, որ դրա համար այլևս չկան խոչընդոտներ՝ ապահովված են բոլոր ներդրողների համար հավասար հնարավորություններ, բիզնեսի իրավունքների պաշտպանությունն էլ բարձր մակարդակի վրա է։ «Օգնեք բոլորիս, եկեք համախմբվենք մի հարցի շուրջ՝ աշխարհին ցույց տալու Հայաստանի նոր դեմքն ու կերպարը։ Ինձ օտարերկրյա լրագրողները հաճախ են հարցնում՝ դուք ուզում եք Հայաստանը լինի ինչպես Սինգապուրը, ես ասում եմ՝ ոչ, ինչպես Իսրայելը, ես կրկին ասում եմ՝ ոչ։ Ես ուզում եմ Հայաստանը լինի ինչպես Հայաստանը։ Այն Հայաստանը, որի հիմքերը մենք մայիսին դրել ենք։ Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը։ Մեր ամբիցիաներն այ այդքան մեծ են»,-հավելեց վարչապետը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: